Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նկատմամբ կրկին փորձում են հարկեր սահմանել

Երուսաղեմի տեղական իշխանությունները մտադիր են Հայոց պատրիարքարանն ու մյուս քրիստոնեական եկեղեցիները կրկին ենթարկել հարկման։ Այս մասին ասվում է պատրիարքարանի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս հարցով արդեն հանրագիր է ներկայացվել, իսկ դատական լսումները նշանակված են սեպտեմբերի 29-ին:
Պատրիարքարանը հիշեցնում է, որ դեռևս փետրվարին Իսրայելի իշխանություններից ծանուցում էր ստացել այն մասին, որ հարկման մասին որոշումը քննարկվելու է ոչ թե դատարանում, այլ արտադատական կարգով՝ հատուկ կոմիտեի միջոցով, որը ստեղծվել է 2018 թվականին Իսրայելի կառավարության և Սուրբ երկրի կրոնական համայնքների ղեկավարների կողմից:
«Պատրիարքարանը ողջունել է կոմիտեի հետ երկխոսության հնարավորությունը և այդ պատճառով այժմ հիասթափություն է հայտնում նոր դատական լսումներ նշանակելու կապակցությամբ։ Նման քայլը կասկածի տակ է դնում այդ նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի միջոցով երկխոսություն վարելու՝ իշխանությունների պատրաստակամությունը», – ասվում է հայտարարության մեջ։