Ռյաբկովը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանների հետ քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցները

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանների, ինչպես նաև Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) եվրոպական մասնակից երկրների «ոչ իրավաչափ փորձերը»՝ գործի դնելու Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը։
Ռուսական կողմից նշվել է Լոնդոնի, Փարիզի և Բեռլինի իրավական հիմքերի բացակայությունը նման գործողությունների համար:
«Քննարկվել է ԳՀՀԾ-ի եվրոպական մասնակից երկրների կողմից Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ ավելի վաղ չեղարկված պատժամիջոցների բանաձևերը վերականգնելու մեխանիզմը գործի դնելու ոչ իրավաչափ փորձերի հետ կապված իրավիճակը։ Ռուսական կողմից նշվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իրավական հիմքերի և ընթացակարգային հնարավորությունների բացակայությունը նման գործողությունների համար», – ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին մասնակցող եվրոպական երկրներին կոչ է արվել «դադարեցնել սադրանքները, հրաժարվել իրենց էսկալացիոն ուղեգծից և վերադառնալ բանակցությունների ուղի, ինչը թույլ կտա վերացնել Իրանի խաղաղ ատոմի շուրջ ցանկացած անհիմն կասկած և նախատրամադրվածություն՝ միջազգային իրավունքի պատշաճ հիմքով և հաշվի առնելով Իրանի օրինական շահերը՝ կապված Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ»։