Տնային կալանքի տակ գտնվող անձի վրա զինված հարձակման գործով հենց տուժածին են մեղադրում սպանության մեջ. Մեկ հոգու նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել

Երևանում տնային կալանքի տակ գտնվող անձը կալանավորվել է՝ իր բնակարանի վրա զինված հարձակում գործած տղամարդկանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարելու համար, իսկ փոխհրաձգության ժամանակ ողջ մնացած և փախուստի դիմած տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի առավոտյան՝ Էրեբունի վարչական շրջանում։ Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել մեկ տղամարդ, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ, հղում կատարելով իր աղբյուրներին, նշել էր, որ տնային կալանքի տակ գտնվող անձի տան վրա երկու անձ զինված հարձակում է գործել, ինչի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել՝ տնային կալանքի տակ գտնվող անձի և նրա տուն մուտք գործել փորձող անձանց միջև։ Փոխհրաձգության հետևանքով զինված հարձակման մասնակիցներից մեկը հրազենային վիրավորում է ստացել և մահացել։ Նշենք, որ տնային կալանքի տակ գտնվող տղամարդն, ըստ լուրերի, մեղադրվում է սպանության մեջ, պարզ չէ՝ տեղի ունեցողը վենդետա է, թե ոչ։ ՔԿ-ից պաշտոնապես մեզ հետ զրույցում հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանության փորձը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից), 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ անձ ձերբակալվել է։ Մենք հայտնել էինք, որ ձերբակալվածը տնային կալանքի տակ գտնվող անձն է, իսկ նրա բնակարան զինված հարձակում գործած տղամարդկանցից մեկն անմիջապես դիմել է փախուստի և առ այս պահը չի հայտնաբերվել։ Տնային կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը), 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), նա այժմ կալանավորվել է։
Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձը՝ մի խումբ անձանց կողմից), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)։ Նույն աղբյուրից հայտնում են, որ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։