Գերմանիայի և Շվեդիայի կործանիչներն ուղեկցել են ռուսական հետախուզական ինքնաթիռը Բալթիկ ծովի վրա

Գերմանիայի և Շվեդիայի ռազմաօդային ուժերի կործանիչներն օդ են բարձրացել Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռն ուղեկցելու համար: Այս մասին սեպտեմբերի 21-ին հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով գերմանացի և շվեդ զինվորականների։«Այսօր շվեդական JAS 39 Gripen և գերմանական Eurofighters կործանիչները օդ են բարձրացել Բալթիկ ծովի հարավային մասի վրա՝ միջազգային օդային տարածությունում ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռի թռիչքը նույնականացնելու և հետևելու համար», – գործակալությունը մեջբերել է Շվեդիայի ռազմաօդային ուժերի հայտարարությունը։
Գերմանիայի ռազմաօդային ուժերն իրենց կողմից նշել են, որ ուղեկցելու համար առաջինը բարձրացել են գերմանական ինքնաթիռները, որոնք հետո հսկողությունը հանձնել են շվեդ գործընկերներին։
Associated Press-ը նշում է, որ այս գործողությունները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի բարձր պատրաստվածության ֆոնին՝ այն բանից հետո, երբ Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը սեպտեմբերի 19-ին հաղորդեց, որ երեք ռուսական կործանիչ խախտել է Էստոնիայի օդային տարածությունը Վայնդլո կղզու շրջանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այդ ժամանակ հայտարարեց, որ ռուսական ՄիԳ-31 երեք կործանիչ սեպտեմբերի 19-ին ավարտել է Կարելիայից Կալինինգրադի մարզ պլանային թռիչքը։ Թռիչքը կատարվել է միջազգային կանոններին համապատասխան, Էստոնիայի օդային տարածության խախտում չի եղել։