Արմավիրի մարզում քաղաքացու անասնագոմից գողացել են 81 գառ

Սեպտեմբերի 6-ին առանձնապես խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին է դիմել Երևանի բնակիչ Կեւորկ Դալի Սարկիսյանը և հայտնել, որ այդ տարվա օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի Էջմիածին-Մարգարա տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում վերջինիս պատկանող անասնագոմից անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող թվով 81 հատ գառ, որոնք գնել էր 4․860․000 դրամ գումարի դիմաց՝ պատճառելով նյութական վնաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը: Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: