Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ 61-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր

Սեպտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհին՝ Այրում քաղաքի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 61-ամյա Արտաշես Կարապետյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, ապա երկաթբետոնե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել ապա տեղափոխել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։