60-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում սեպտեմբերի 2-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց, տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 09։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Աշոտ Օ․-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհին երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չէին եղել։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Սանասար Պետրոսյանը և Սարգիս Եփրեմյանը։Վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ։