Սահմանային միջադեպերի բացակայությունը նահանջի՝ Ադրբեջանի շանտաժին ու սպառնալիքին տեղի տալու «արդյունք» է

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․
«Երբ իշխանությունը հիշատակում է, որ 1 տարի ու 7 ամիս որեւէ զոհ չի եղել սահմանին, իհարկե ուրախալի է:
Սակայն, երբ դա ներկայացվում է իբրեւ դիվանագիտական կամ որեւէ ձեռքբերում, այստեղ իհարկե կա իրականության նենգափոխում: Որովհետեւ, սահմանային միջադեպերի բացակայությունը հակառակի՝ դիվանագիտա-քաղաքակկան նահանջի «արդյունք» է: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի շանտաժին ու սպառնալիքին տեղիք տալու:
Եվ այստեղ է առաջանում խնդիրը, որովհետեւ տեղի տալ շանտաժին՝ խաղաղություն ստանալու համար, նշանակում է ստանալ նոր շանտաժ: Այդ նոր շանտաժը լինելու է ժամանակի հարց:
Ինչպես որ տարներ առաջ պարզվեց, որ ժամանակի հարց էր այն երկամյա անդորրը, որ դարձյալ իշխանության քարոզչական տարր էր 2018-2020 ժամանակահատվածում: Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ երկու տարի է, ինչ որեւէ զոհ եւ միջադեպ չկա հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում:
Եվ բոլորի համար դա իհարկե ուրախալի էր, որովհետեւ որեւէ ողջախոհ մարդ չի կարող ուրախ չլինել միջադեպերի ու զոհերի բացակայությունից:
Բայց, ողջախոհությունը նաեւ պահանջում է ոչ թե կուլ տալ մատուցվող քարոզչությունը՝ ցանկացած «սոուսով», այլ քննել, թե ինչ է մատուցվում, հասկանալ, թե ինչից է կառուցված անդորրը: Իսկ հասկանալու ունակություն ունեցող մարդկանց համար դժվար չէ հասկանալը, որ շանտաժին տեղի տալու գնով ձեռք բերված անդորրը խաղաղություն համարելը ինքնախաբեություն է: Իսկ ինքնախաբեությունը չի տանում լավ տեղ, եւ հարցը միշտ այն է, թե որքան վատն է լինելու դրա տարած տեղը»: