Հայրենասիրությունը՝ հայի նախնական ինքնություն, ոչ թե խորհրդային պատվեր․ Արարատ քահանա Պողոսյան

Այսօր իշխանությունների քաղաքական դիսկուրսում հերթական անգամ շրջանառվեց այն կեղծ, սնոտի, հակագիտական պնդումը, թե ժամանակակից հայի հայրենասիրության մոդելը ձևավորվել է խորհրդային կայսրության կողմից 1940–1980-ական թվականներին։ Այս տեսակետը պատմականորեն ոչ միայն գռեհիկ սխալ է, այլև վտանգավոր խեղաթյուրում, քանի որ փորձ է արվում նենգափոխել իրողությունը և հայրենասիրությունը՝ որպես հայի ինքնության հազարամյա երևույթ, ներկայացնել զուտ խորհրդային գաղափարախոսության մնացորդ կամ հետևանք։ Խորհրդային շրջանը կարող էր հայրենասիրությունն օգտագործել ու վերարտադրել, բայց ոչ երբեք ստեղծել այն, գրում է Արարատ քահանա Պողոսյանը։
«Խորհրդային բռնակարգի օրոք, ընդհակառակը, զտարյուն հայրենասիրությունը դատապարտվում էր որպես ծանրագույն հանցանք՝ ազգայնամոլություն, և այդ մեղադրանքով աքսորի ու մահվան դատապարտվեց ազգի սերուցքը։ Հայրենասիրությունը Հայկ Նահապետից մինչև այսօր հայի արյան կամ ինքնության տեսակարար հատկանիշն ու կշիռն է եղել և շարունակում է մնալ մեր գոյության կերպը, հոգևոր֊մշակութային արժեհամակարգի առանցքը, և այդպես՝ նախնական ժամանակներից մինչև այսօր, ի ծնե և ցմահ։
Հայի հայրենասիրությունը արտաքին պատվեր համարելն անարգանք է մեր ազգային տեսակին և ամենից առաջ հայրենյաց համար իրենց կյանքը չխնայած բոլոր հին ու նոր նահատակներին։
Դա նշանակում է ուրանալ և ժխտել մեր ամբողջ պատմությունը, խաչել կամ անարգանքի սյունին գամել անցյալի ողջ ժառանգությունը։ Այդպես կարող են դատել և գործել միայն նեոբոլշևիկյան գաղափարներ կրողները։ Իսկ հայրենիքը հայի համար միշտ եղել է անքննելի ու բացարձակ արժեք, ոչ թե ինչ֊որ քաղաքական պատվեր։ Ահավասիկ Նժդեհի խոսքը՝ ասված ու գործված հենց խորհրդային ժամանակներում, որ կարող է բնաբան լինել մեր ամբողջ ընթացքի համար. «Իմ հոգին զոյգ հենարաններ ունի Աստված և հայրենիք»:
Հ.Գ. Հայ մատենագրության հաղորդած տեղեկությունները ցույց են տալիս, որ հայի հայրենասիրությունը ձևավորվել է դարերի ընթացքում՝ Հայկ նահապետից մինչև Տիգրան Մեծ, Մաշտոցից մինչև Խորենացի, Նարեկացուց մինչև Աբովյան ու Րաֆֆի, Ավարայրից մինչև հայդուկային շարժում, Սարդարապատի հերոսամարտից մինչև Արցախյան գոյամարտ»։