Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին հայտարել է, որ Արևմուտքը պարտվել է իր երկրում, ինչը կբերի պարտության նաև ողջ տարածաշրջանում

Վրաստանի հինգերորդ նախագահը հարցազրույց է տվել Foreign Policy ամսագրին: Սալոմե Զուրաբիշվիլին քննարկել է երկրի քաղաքական ճգնաժամը, և երբ նրան հարցրել են, թե Վրաստանում փոփոխությունների որ սցենարն է ամենահավանականը, պատասխանել է.
«Մենք գիտենք միայն երկու սցենար՝ ընտրություններ և ընտրություններից առաջ բողոքի ցույցեր: Բայց պետք է որոշակի դիմադրություն լինի և այդ դիմադրությունը պետք է ավելի լավ աջակցություն ստանա Արևմուտքից...»:
Զուրաբիշվիլին խոստովանել է, որ առանց արևմտյան աջակցության, վրացական ընդդիմությունը առ ոչինչ է:
Մեր գլխավոր նպատակը Ռուսաստանի դեմ պայքարն է, նշել է տիկին Զուրաբիշվիլին։
«Իմ ուղերձը Կոնգրեսի անդամներին այն է, որ Վրաստանը ուշադրության կարիք ունի, քանի որ վտանգված են Ամերիկայի շահերը տարածաշրջանում: Ամերիկան և Եվրոպան Վրաստանը զիջում են Ռուսաստանին՝ նույնիսկ չփորձելով որևէ բան անել դրա հետ կապված, ինչը կբերի Ռուսաստանի ազդեցության տարածմանը նաև Հայաստանի և Ադրբեջանի վրա», - ընդգծեց Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախկին նախագահը փաստացի խոստովանել է, որ ինքը ԱՄՆ և ԵՄ-ի շահերի մարտիկն է իրեն համարում Վրաստանում, սակայն վերջիններս, լրջորեն չեն կարողանում կամ չեն ցանկանում աջակցել իրեն և այդ երկրի ընդդիմությանը:
Բայդենի վարչակազմը խոսում էր պատժամիջոցների մասին, և մարդիկ որոշ չափով սովորել էին այդ հռետորաբանությանը, բայց մինչև վերջին օրը այդպես էլ ոչինչ չարվեց, բողոքում է նախկին նախագահը, հույս ունենալով, որ Բայդենի հասցեին իր քննադատությունը դրական կընկալվի Թրամփի վարչակազմի կողմից։
Զուրաբիշվիլու հարցազրույցը պարտված գործչի խոսք էր, որն արդեն չի փորձում թաքցնել, թե ինքը ում հաշվին էր փորձում կրկին վերադառնալ իշխանության:
Ի դեպ այդ նույն Զուրաբիշվիլին նախագահի աթոռին էր ընտրվել՝ օգտվելով հենց ներկայիս Վրաստանի իշխանությունների աջակցությունից:
2018 թվականի օգոստոսի 16-ին Զուրաբիշվիլին պաշտոնապես գրանցվեց որպես նախագահի թեկնածու։ Չնայած Զուրաբիշվիլին առաջադրվել էր որպես անկախ թեկնածու, հենց իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները, այդ թվում՝ նրա նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իրեն աջակցեցին նախընտրական արշավում: Նոյեմբերի 28-ին Սալոմե Զուրաբիշվիլին հաղթեց երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 59.52%-ը և դարձավ երկրի առաջին կին նախագահը՝ բացառապես Իվանիշվիլու թիմի աջակցության շնորհիվ։
Իսկ վերջիններս նրան աջակցում էին, քանի որ Զուրաբիշվիլին նախկինում հեռացվել էր Սաակաշվիլու կողմից ԱԳ նախարարի պաշտոնից: Զուրաբիշվիլին նույնիսկ Սաակաշվիլուն բնութագրել էր, որպես՝ «միջնադարյան բռնապետ», որից հետո հեռանալով իշխանությունից, մտածում էր ընդհանրապես դուրս գալ քաղաքականությունից:
Սակայն քաղաքականություն նրան, փաստացի կրկին մտցրեց Իվանիշվիլին, մտածելով, որ այդ քայլով կհամախմբի հանրությունը՝ Սաակաշվիլու դեմ պայքարում:
Մինչդեռ 2022-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, արևմտյան շրջանակները Իվանիշվիլու թիմին փորձեցին երկընտրանքի առջև կանգնեցնել, և հենց այստեղ երևաց Զուրաբիշվիլու ով լինելը:
Ի տարբերություն Իվանիշվիլու և նրա կուսակիցների, Զուրաբիշվիլին անվերապահ միացավ Արևմուտքի պահանջին և կոչ արեց Իվանիշվիլու թիմին՝ նույնպես միանալ հակառուսական արշավին:
Այդ ժամանակվանից սկսվեցին Իվանիշվիլու և Զուրաբիշվիլու հակասությունները, որոնք ավարտվեցին անցած տարվա խորհրդարանական ընտրություններով, որտեղ Զուրաբիշվիլին ոչ միայն միացավ «միջնադարյան բռնապետի» (ինչպես ինքն էր բնորոշում Սաակաշվիլուն) թիմին, այլև սկսեց պայքարել «Վրացական երազանք» իշխող թիմի դեմ, որի շնորհիվ, 2018-ին դարձել էր երկրի նախագահ:
Այդ պայքարում ընդդիմությունը պարտվեց, իսկ Զուրաբիշվիլին կորցրեց իր պաշտոնը:
Եվ ահա երեկ, նա Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում, բողոքում էր, թե Արևմուտքը չաջակցեց իր թիմակիցներին, Վրաստանն, իբր հանձնելով Մոսկվային:
Այդ հարցազրույցում նա գրեթե բացեիբաց խոստովանում էր, որ ինքը և իր կողմնակիցները պայքարում էին ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերի համար, սակայն բավարար չափով աջակցություն չստացան:
Նման ինքնախոստովանությունը տպավորիչ է, քանզի բաց է խոստովանում իրենց իրական նպատակների մասին:
Ի դեպ, անուղղակիորեն, նմանատիպ խոստովանությամբ հանդես է գալիս այս օրերին նաև մեկ ուրիշ վրացի ընդդիմադիր գործիչ՝ Գեորգի Գախարիան, ով ոչ միայն փաստացի դուրս է գալիս միացյալ ընդդիմության պայքարի շարքերից, այլև խոստովանում է, որ ընդդիմությունն այսօր Վրաստանում հնարավորություն չունի իշխանության հասնել:
Նա բառացի հայտարարեց, որ «Ընտրությունների բոյկոտից հետո, հոկտեմբերի 4-ին հեղափոխության և խաղաղ տապալման հռչակագիրը ամենամեծ նվերն էր «Երազանքի» համար (նկատի ունի իշխող կուսակցությանը), որն այս խելագարությունն օգտագործեց իր սահմանափակ լեգիտիմությունը քողարկելու, Վրաստանի քաղաքացիներին ցույց տալու համար, որ կա այլընտրանք»։
Շարունակելով իր միտքը՝ նա նշեց, թե ընդդիմությունն այլևս չունի ռեսուրս նոր հեղափոխություն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ գալիք հոկտեմբերի 4-ին Վրաստանում պիտի անցկացվեն տեղական ընտրություններ և ընդդիմությունը որոշել է բոյկոտել այդ ընտրությունները և փոխարենը այդ օրը նշանակել է մեծ հանրահավաք և նշել, որ հենց այդ օրը երկրում պիտի իրականացվի նոր հեղափոխություն:
Հենց այդ «հեղափոխությունն» էր ծաղրում Գախարիան:
Իսկ Զուրաբիշվիլին, այդ «հեղափոխությանի» ընդառաջ հայտարարում է, որ Արևմուտքն արդեն պարտվել է Վրաստանում, ինչը նշանակում է, որ հավաքական ընդդիմությունը այդ երկրում վերջնականապես պարտվել է, Արևմուտքի հետ միասին:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am