Ադրբեջանը սկզբից ևեթ տեսնում էր Նիկոլի իշխանության ներուժը՝ որպես սեփական շահերի իրականացման լավագույն հնարավորություն․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյն իր էջում գրում է․
«Շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլը ոչ միայն չի սպասարկում հայկական շահը, այլև իր ուղիղ աջակցությունն ունի Ադրբեջանից ու Թուրքիայից (վերջին երկու տարվա գործընթացն արդեն բաց տեքստով է երևում)։ Հիմա ներկայացնում եմ մի հայտարարություն, որը շատերի ուշադրությունից հավանաբար դուրս է մնացել կամ ուղղակի մոռացվել է, և դուք «գետնի վրա» կհամոզվեք, թե ինչքան շահագրգռված են եղել ադրբեջանցիները Նիկոլի իշխանության գալով։
Ավելի քան այդ՝ դրա մասին հրապարակավ էլ հայտարարել են։
Մասնավորապես, Ալիևի մամուլի խոսնակ Ազեր Հասիմովը 2018 թվականի սեպտեմբերի 17-ի տված հարցազրույցում նշել է․ «Ցանկանում ենք նշել, որ եթե Ադրբեջանը սկսի միջամտել Հայաստանի ներքին գործերին, ապա Նիկոլի իշխանությունը երկար չի տևի։ Պարզապես ներկայիս պայմաններում Նիկոլի ռեժիմի անկումը ձեռնտու չէ Ադրբեջանին։ Որքան երկար տևի Նիկոլի բռնապետությունը Հայաստանում, այնքան ավելի շատ խնդիրներ կունենա այդ երկիրը։ Քծնելով, խոնարհվելով և ստորանալով արտասահմանյան այցերի ժամանակ՝ Նիկոլը չի կարող հասնել իր ուզածին։ Նիկոլի նոր բռնապետական ռեժիմը Հայաստանին մղում է դեպի անդունդ։ Ահա թե ինչու ադրբեջանական կողմը այս պահին որևէ քայլ չի ձեռնարկում Նիկոլի իշխանության անկման ուղղությամբ»։
Սա ուղիղ փաստական ապացույց է այն բանի, որ Նիկոլի իշխանության առաջին և հիմնական շահառուն Ադրբեջանն է, որը ամեն օր «ջրում, խնամում ու փայփայում է այն», որպեսզի նրան ոչինչ չպատահի և հնարավորինս երկար կյանք ունենա։ Եթե սրան հավելում ենք Ալիևի կողմից 2018-ի հունիսին արված այն հայտարարությունը, թե «Ադրբեջանն իր ուղղակի մասնակցությունն է ունեցել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին», ապա պատկերը դառնում է ամբողջական։
Հասիմովի այս հայտարարությունը հաճախ դիտվում է որպես սովորական քարոզչական խոսք։ Սակայն խորքային ընթերցմամբ այն դառնում է յուրահատուկ փաստաթուղթ, որը բացահայտում է, թե ինչպես էր Բաքուն ընկալում նոր իշխանությունը Երևանում։
Այս հայտարարությունը հաստատում է այն պնդումը, որ Բաքուն փաստացի խոստովանում էր՝ կարող է միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը վստահ էր, որ անհրաժեշտության դեպքում կարող է ազդել հայաստանյան քաղաքականության վրա։ Ավելին, Հասիմովի խոսքերից երկու տարի անց սկսվեց 2020 թ․ Արցախյան պատերազմը, որի արդյունքներն ամբողջությամբ հաստատեցին Բաքվի ակնկալիքները․ Հայաստանը կորցրեց ոչ միայն տարածքներ, այլև ռազմավարական նախաձեռնությունը։ Բացի այդ, Ադրբեջանը ստացավ դոմինանտ դիրք բանակցային սեղանի շուրջ, իսկ Հայաստանի ներսում առաջացավ քաղաքական ճգնաժամ, որը էլ ավելի թուլացրեց նրա դիրքերը։
Ըստ էության, այս «խոստովանությունը» հետադարձ հայացքով դառնում է ոչ թե դատարկ քարոզչություն, այլ փաստաթուղթ, որը վկայում է․ Ադրբեջանը սկզբից ևեթ տեսնում էր Նիկոլի իշխանության ներուժը՝ որպես սեփական շահերի իրականացման լավագույն հնարավորություն»։