Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, Կոսովոն, Դոնբասը Աբխազիան կամ Շոտլանդիան 9 ամիս անդադար տոտալ շրջափակման մեջ լինեն. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.
«Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, Կոսովոն, Դոնբասը Աբխազիան կամ Շոտլանդիան 9 ամիս անդադար տոտալ շրջափակման մեջ լինեն, այնուհետ անօգնական, ուժասպառ ու սովահար վիճակում, ռազմական լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեն 60 անգամ գերազանցող հարևանի կողմից:
Ի՞նչ կլինի, օրինակ, Կոսովոյի, Դոնբասի, Աբխազիայի կամ Շոտլանդիայի հետ, եթե նրանց ժողովրդի անվտանգության երաշխավորը լիներ Հայաստանի գործող կառավարիչիների նման մեկը:
Ի՞նչ կլիներ, օրինակ, Կոսովոյի, Աբխազիայի, Դոնբասի կամ Շոտլանդիայի հետ, եթե նրանց հետ վարվեին այնպես, ինչպես միջազգային հանրություն համարվող երկրները վարվեցին բռնի տեղահանման ենթարկված Արցախի ու նրա ինքնորոշման իրավունքի հետ:
Շարունակ հումանիտար օգնություն ստացող Գազայի համար, միջազգային հանրությունն աղմուկ է բարձրացնում, Իսրայելի դեմ սանկցիաներ են փորձում կիրառել և այլն: Արցախը 9 ամիս սովի մատնվեց, տոտալ սահմանափակումների մեջ, ռազմական ագրեսիայի ու բռնի տեղահանումների ենթարկվեց, ցեղասպանության ռիսկերի միջով անցավ ու ոչ մի միջազգային արձագանք Ադրբեջանի դեմ: Ոչ մի սանկցիա, ոչ մի փաստաթուղթ ՄԱԿ-ում կամ այլ տեղ:
Լավ, ասենք, թե Հայաստանի կառավարիչները դավաճան, տգետ ու ազգակործան են: Իսկ որքանո՞վ է արդարացված բարեկամի դեմքով Հայաստանին ժպտացող, բայց միաժամանակ թշնամու ռազմական ագրեսիան ու հայկական Արցախի հայաթափումը շնորհավորող երկրների վարքը:
Քաղաքական իմաստով նորմալ է: Ուղղակի մենք պետք է վերջապես հասկանանք, որ սեփական շահերի համար այլ ազգեր կործանող աշխարհում չի՛ կարելի Նիկոլի պես վարչապետ ունենալ:
Լիբերալիստական, գլոբալիստական, փողի, նավթի, գազի և դավաճանության այս արյունոտ ու էժանագին խաղերի մեջ, հուսադրողն արցախցիների կեցվածքն է: Խելամիտ, համբերատար ու անկոտրուն:
Նրանք գիտեն, որ միևնույն է վերադառնալու են դեպի աշխարհի ամենահայկական հայրենիքը, իրենց դարավոր օջախները»: