ԱՄՆ-ն կրկին վետո է դրել Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

ԱՄՆ-ն սեպտեմբերի 18-ին հերթական անգամ վետո է դրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում էր անհապաղ և մշտական հրադադար Գազայում և Իսրայելի կողմից օգնության մատակարարման բոլոր սահմանափակումների վերացում:
Այս մասին հաղորդում է France24-ը՝ հավելելով, որ այսպիսով Վաշինգտոնը պաշտպանել է իր դաշնակից Իսրայելին դիվանագիտական նշանակալի ճնշումից։ Ըստ պարբերականի՝ բանաձևի տեքստով նաև պահանջվում էր ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակում:
Գրեթե երկու տարի առաջ Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքն օգտագործում է արդեն վեցերորդ անգամ։
Խորհրդի մնացած 14 անդամները կողմ են քվեարկել բանաձևին, որը նախաձեռնվել էր օգոստոսին՝ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարեց պաղեստինյան անկլավում սովի մասին։ Իսրայելն այժմ ցամաքային գործողություն է իրականացնում Գազա քաղաքում՝ նշելով, որ կշարունակի հարձակումը, մինչև չջախջախի ՀԱՄԱՍ-ին և չվերադարձնի բոլոր պատանդներին։