Նիկոլը հասել է իր նպատակներից մեկին. Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը.
Իմ սիրելի Իլիկի, իմ սիրելի Անահիտի, իմ սիրելի Մարինեի ու իմ սիրելի ՄԵՆՔ ակումբի չեղարկված հավաքի շուրջ վերջին զարգացումները եկան ապացուցելու, որ Նիկոլը հասել է իր նպատակներից մեկին։
Ուզում էր, որ մեզ թվա, թե մենք տարբեր "քաղաքական թիմերի" ենք բաժանված, ու թե մեր խնդիրը դա է։ Ուզում էր, որ մենք չկարողանանք հանգիստ նստել ու խոսել մեզ հուզող խնդիրներից, ուզում էր, որ չկարողանանք նայել իրար աչքերի մեջ, որ իրար տեսնելիս մայթը փոխենք, որ նույնիսկ էն հարցերը, որոնց շուրջ համակարծիք ենք կամ էլ որոնք միայն համատեղ քննարկելով կարող ենք լուծել, նույնիսկ դրանք չկարողանանք սեղանին բաց փռել ու խոսել։ Ուզում էր, որ իրար չվստահենք։ Ուզում էր, որ դառնանք իր նման։
Շնորհավորում եմ, մենք Նիկոլի ստեղծած գեղագիտության մեջ ենք։ Մենք հավատացել ենք, որ բաժանված ենք քոչարյանականների, սերժականների, լևոնականների և մյուս բոլոր ականներին։ Մենք դարձել ենք ականներ, ու, գլխավոր խնդիրներն ու վտանգները թողած, հիմա պայթեցնում ենք ինքներս մեզ ու մեր ներքին համակեցության վերջին փշուրները։
Շնորհավորում եմ, ինքնասպան հանրության գեղագիտությունը հաղթեց, մենք այլևս ամենուր տեսնում ենք նրա ստեղծած հրեշներին։ Ու մենք հագնում ենք այդ հրեշների ավատարները, որ ավելի վստահ ու համոզված ոչնչացնենք միմյանց։
Ես կառաջարկեի, որ Մարինեի ակումբի առաջիկա հավաքի վերնագիրը լիներ. Իսկ ՄԵՆՔ դեռ կա՞նք։ Էնպիսին, ինչպիսին մեզ հիշում ենք, էնպիսին, ինչպիսին մեզ պատկերացնում ենք։