ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի արագ հաշտեցմանը. Զախարովա

Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Հայաստանի և Թուրքիայի շուտափույթ հաշտեցման օգտին՝ այն համարելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և կայուն զարգացման ապահովման պարտադիր ուղերձներից:
Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Երևանում հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Զախարովան հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին Մոսկվայում։
«Պատրաստ ենք հետագայում ևս աջակցել ջանքերին, այդ թվում ՝ «3+3» ձևաչափի շրջանակներում։ Ակնկալում ենք, որ Անկարայի և Երևանի միջև պայմանավորվածությունների մշակման ժամանակ հաշվի կառնվեն առկա իրողություններն ու Հարավային Կովկասի հարևանների շահերը»,- նշել է նա։ Դրա համար, դիվանագետի խոսքով, կարևոր է բացառել արտաքին խաղացողների ապակառուցողական միջամտությունն այս բարդ բանակցային գործընթացին։