Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը պետք է մեծ շուքով նշել. Մհեր Ավետիսյան

«2028 թվականին լրանում է Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը, և ես իմ գաղափարակից ընկերների հետ նախաձեռնել եմ այդ պատմական կարևորագույն օրը՝ իրադարձությունը նշելու գործընթաց։ Սա իրականում ոչ միայն Հայաստանի մասին է և չի վերաբերում միայն Հայաստանի անվտանգությանը․ սա մեր տարածաշրջանի անվտանգության և խաղաղության բանաձևն է»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման նախագահ Մհեր Ավետիսյանը։
«Մենք պետք է մեծ շուքով նշենք ոչ միայն 200-ամյակը՝ հիշելով, որ տեղի է ունեցել պատմական իրադարձություն, որով փաստացի մեր տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն, իսկ հայ ժողովուրդը հնարավորություն է ստացել իր պատմական բնօրրանում ապրելու և ապագայում պետականությունը վերականգնելու, այլև այսօր պետք է այս իրադարձությունը կարևորելով սկսենք պատմական, քաղաքական, աշխարհաքաղաքական քննարկումների շարք։ Սա անհրաժեշտ է, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղությունը շարունակենք պահպանել, մեր ժողովուրդներին ապացուցենք, բացատրենք և համոզենք, որ առանց Ռուսաստանի անվտանգության ճարտարապետության մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու։ Եթե մենք թույլ տանք, որ Արևմուտքը իր քիթը խոթի մեր տարածաշրջանային խնդիրների մեջ, ապա նա մեր տարածաշրջանը դարձնելու է հակառուսականության նոր օջախ՝ իր բոլոր հետևանքներով, քանդելու է Ռուսաստանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը և դարձյալ երկար ժամանակ մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու։
Ես անկեղծ կոչ կանեի մեր իշխանություններին, որպեսզի նրանք ևս միանան Թուրքմենչայի 200-ամյակը նշելու գործընթացին։ Թող մի կողմ դնեն Արևմուտքի հետ կապված իրենց հույսերը․ միգուցե նրանք անկեղծ հավատում են, որ Արևմուտքը կարող է խաղաղություն բերել մեր տարածաշրջան, բայց դա անհնար է։ Ես կոչ կանեի մեր իշխանություններին, որ նրանք էլ միանան մեզ․ եթե ցանկանում են, իրենք առաջնորդեն այդ գործընթացը, և մենք պետական մակարդակով կազմակերպենք ու նշենք Թուրքմենչայի 200-ամյակը։ Իսկ եթե ոչ, ամեն դեպքում ես իմ գաղափարակից ընկերների հետ այս գործընթացը տանելու եմ։
Ուզում եմ նաև կոչ անել հատկապես Ռուսաստանում հարստացած մեր հայ գործարարներին․ եթե նրանք ցանկություն ունենան, թող իրենք էլ իրենց ներդրումն ունենան այս կարևորագույն իրադարձության կազմակերպման գործընթացում։ Սա իրոք կարևոր գործընթաց է, և ես կարծում եմ՝ քիչ թե շատ քաղաքականությունից և աշխարհաքաղաքականությունից հասկացող ցանկացած մարդ, ով օբյեկտիվ է, ով իր հույզերը չի կապում էմոցիոնալ առումով Արևմուտքի հետ կամ գրանտների դիմաց իր հայրենիքն ու պատիվը, երեխաների ապագան չի վաճառում Արևմուտքին, պետք է հասկանա, որ մեր տարածաշրջանում խաղաղության բանաձևը հենց Թուրքմենչայի պայմանագիրն է»,–գրել է Մհեր Ավետիսյանը։