Իրականում իշխանությանը քննադատողներին ծեծելու, դանակի ներգործությամբ վախեցնելու դեպքերը էլ ավելի շատ են, բայց շատերը լռում են. Արթուր Չախոյան

Դիմակավորված անձը ծեծել է Հակոբ Կարապետյանին՝ իշխանությանը հիմնավոր, ճիշտ և տեղին քննադատելու համար։ Սա այս իշխանության հերթական բռնությունն է ընդդեմ իշխանությանը քննադատողների, գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։
Նա, մասնավորապես նշել է. «Անկեղծ ասած, Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցածը ինձ համար զարմանալի չէ, ինչպես նաև շատերի համար, քանի որ նորություն չէ նման գործելաոճը։
Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությանը քննադատելուց անմիջապես հետո գիշերով ծեծում են քննադատողին։
Նման գործելաոճը այս իշխանության բնորոշ ձեռագիրն է՝ ճնշումների և վախեցման միջոցով մարդկանց լռեցնելու միակ միջոցը։
Ես համոզված եմ, որ այս դեպքը պատշաճ իրավական ընթացք չի ստանա, գործը չի բացահայտվի, և պատվիրատուն չի բացահայտվի, և ոչ ոք պատիժ չի կրի, թեև արդեն իսկ պարզ է, թե ով է Հակոբ Կարապետյանի վրա հարձակման պատվիրատուն։
Ճիշտ է, դեպքի առթիվ կա ձերբակալված անձ, և շատերը կարող են ասել, թե համակարգը պատշաճ է աշխատում, մարդ կա ձերբակալված, իսկ Չախոյանը չափազանցնում է, որ գործը չի բացահայտվի։ Բայց եկեք լինենք օբյեկտիվ և փաստերի հիման վրա վերլուծություն անենք։
Այո, ձերբակալված անձ կա, բայց դա դեռ չի նշանակում, որ գործը բացահայտված է։ Օրինակ՝ երկու տարի առաջ գիշերն իմ տան շքամուտքի մոտ երեք հոգով դանակով մահափորձ կատարեցին իմ նկատմամբ։
Ես նրանցից մեկին վնասազերծեցի և հանձնեցի ոստիկանությանը։ Սակայն մինչ օրս այդ մահափորձի կազմակերպիչը և մյուս երկուսը ոչ մի պատիժ չեն կրել, նրանց ինքնությունը հայտնի չէ, իսկ այն անձը, որին ես վնասազերծել ու ոստիկանությանը հանձնել էի, որի ինքնությունը լիովին հայտնի է, մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։
Մեկ այլ օրինակ՝ ամիսներ առաջ, երբ ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան այրեցին։ Նույնպես ձերբակալված անձ կար, սակայն մինչ օրս գործը բացահայտված չէ։
Նման ձերբակալումները հիմնականում տեղի են ունենում հանրային աղմուկը մեղմելու և հանրությանը մանիպուլացնելու համար՝ իբր, ձերբակալված մարդ կա, ուստի գործը բացահայտված է։ Բայց իրականում ոչինչ չի բացահայտվում։
Դրանով պայմանավորված եմ ասում, որ այս գործն էլ չի բացահայտվելու, քանի որ բռնությունների պատվիրատուն հենց իշխանություններն են։ Հակառակ դեպքում նման գործերը վաղուց կբացահայտվեին։
Իրականում իշխանությանը քննադատողներին ծեծելու, դանակի ներգործությամբ վախեցնելու դեպքերը էլ ավելի շատ են, որոնք ինձ հայտնի են, բայց ոչ հանրությանը։
Սակայն, շատերը այդ դեպքերի մասին լռում են, քանի որ իմաստ չեն տեսնում այն հանրայնացնելու, քանի որ մինչ օրս նման դեպքերում ոչ ոք պատասխանատվություն չի կրել։
Բայց հակառակ դեպքում՝ անպատժելիության ֆոնին դեպքը հանրայնացնելու դեպքում ավելի է սրվելու իրավիճակը, և այդ մարդկանց նկատմամբ ճնշումները կշատանան։
Այդ իսկ պատճառով մարդիկ լռում են»։