«40-50 հոգով հարձակվել են ամուսնուս վրա ու ծեծել». մանրամասներ՝ Կադաստրի կոմիտեի աղմկահարույց միջադեպից

Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը NEWS.am–ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իր ամուսնուն առևանգելու և ծեծի ենթարկելու մասին։
«Չեմ ցանկանում, որ տեսագրությունում դեմքս երևա, որովհետև շատ լրատվամիջոցներ կարող են օգտարոգծել դա անհիմն վերնագրերով, բայց չեմ էլ կարող չբարձրաձայնել նման հանցագործությունը։ Մարդիկ պետք է տեղեկանան, որ նման պաշտոնյաներ կան, որոնք չարաշահում են իրենց պաշտեոնեական դիրքը։ Ինչ է նշանակում մարդուն օրը ցերեկով առևանգել, ինչ–որ մի տեղ ժամերով պահել, 40-50 հոգով հարձակցել ու ծեծել։ Կարող եմ ասել, որ նման բան անողներն ուղղակի տականքներ են»,–ասաց նա՝ նշելով, որ խնդրի մասին չբարձրաձայնելու դեպքում մեղավորը կարող է իր կապերի միջոցով ազատվել պատասխանատվությունից։
Տուժողի կինը պատմեց, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12-ի սահմաններում իր ամուսնուն խաբեությամբ տարել են անծանոթ վայր և ծեծի ենթարկել։
«Երբ տեղ են հասել, ամուսինս ճանաչել է նրանցից մեկին. Կադաստրի կոմիտեի նախագահի՝ Սուրեն Թովմասյանի կողմից նախկինում ուղարկվել էր իմ աշխատանքի հետ կապված ինչ–որ հարցեր քննարելու համար։ Երբ ամուսինս տեսել է Ռոմանին, կասկածել է, որ ծուղակն է ընկել, բայց չի հասցրել ոչինչ անել, մեքենայից հանել են ու սկսել ծեծել։ Անդադար ծեծել են, ամուսինս հիմնականում աչքի հատվածում է վնասվածքներ ստացել։ Նույնիսկ սարսափ ֆիլմերում նման բան չեմ տեսել։ Հիմա լուրջ խնդիրներ ունի տեսողության հետ, չգիտեմ՝ տեսողությունը կվերականգնվի թե չէ։ Ուզում եմ, որ Սուրեն Թովմասյանը պատժվի։ Վստահ եմ, որ նա է մեղավորը, որովհետև ծեծելու ընթացքում պարբերաբար ասել են՝ «ստացի մեր Սուրոյի համար, մեր Սուրոյին նման բաներ ես ասել, դրա համար էլ էս վիճակում ես»,–պատմեց Կադաստրի կոմիտեի աշխատակիցը։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ վարույթ հարուցվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը):
Կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով:
Դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։
ՆԳՆ–ից կատարվածի վերաբերյալ հայտնել են հետեւյալը. «Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ Ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»։