«Ինչ տված ա, իրենց մոտ ա, էլ ուրիշ տարածք չկա». Շուռնուխի գյուղապետը՝ սահմանազատման և սահմանագծման, ջրի խնդրի և դպրոցների մասին

Ինչ տված ա, ինչ իրենց մոտ ա, էդ ա էլի, էլ ուրիշ տարածք չկա։ Չեմ կարող ասել, դա իմ գաղափարի հարցը չի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխի գյուղապետ Գրիգոր Դարբինյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Փաստինֆո»-ն՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են «փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներ»։ Ավելի ուշ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պարզաբանեցին, որ հանդիպումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում, և օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ քննարկվել են սահմանագծի համապատասխան հատվածների սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր։
Տեղեկություններ կան, որ սահմանազատման գործընթացը տեղափոխվելու է Մեղրի՝ կիսատ թողնելով Տավուշը։
Շուռնուխի գյուղապետ Գրիգոր Դարբինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել՝ արդյո՞ք նորից կհանձնվեն տարածքներ Շուռնուխից և պնդեց, որ դա իր գաղափարի հարցը չէ։
Ինչ վերաբերում է գյուղում տիրող իրավիճակին, ապա Շուռնուխի գյուղապետը նշեց, որ հիմա նորմալ իրավիճակ է գյուղում, իսկ ինչ վերաբերում է դպրոցներին, գյուղապետի խոսքով այս տարի դպրոցում եղել է 17 աշակերտ։
«Այս տարի դպրոցում եղել է 17 աշակերտ։ Մեր գյուղի դպրոցը չի միացվելու ոչ մի դպրոցի, մեր գյուղի դպրոցի երեխեքը մնալու են մեր դպրոցում։ Մեր գյուղը, Որոտանը, Բարձրավանը, որ սահմանամերձ են, թուրքին մոտ են, մեր գյուղերի դպրոցները չեն միանալու, սենց էլ մնալու են։ Ամեն մարդ իրա դպրոցում է մնալու, մեր գյուղից ոչ մի մարդ ոչ գնալու ա, ոչ էլ ուրիշ տեղից են գալու»,- եզրափակելով զրույցն ասաց Շուռնուխի գյուղապետը։