Մոսկվայի մարզում ձերբակալվել է Արայիկ Ամիրխանյանը

Մերձմոսկվայի դատարանը կալանավորել է գործարար Արայիկ Ամիրխանյանին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Մոսկվայի մարզի դատարանը Կիվայի սպանության գործով Ամիրխանյանի համար խափանման միջոց է ընտրել կալանքը», – ասել է գործակալության աղբյուրը։ Միաժամանակ, Ամիրխանյանն արդեն անազատության մեջ է կաշառակերության գործով։ Ամռան սկզբին նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ տուգանքով։ Դատարանը պարզել է, որ մեղադրյալը երկու անգամ գումար է փոխանցել դատական կատարածուին՝ ընկերության հաշիվներից կալանքը վերացնելու համար՝ խախտելով օրենքը։ Օգոստոսի վերջին վերաքննիչ դատարանը դատավճիռն օրինական է ճանաչել։ Կիվայի մահվան մասին հայտնի էր դարձել 2023 թվականի դեկտեմբերի 6-ին։ Նախնական քննության տվյալներով՝ երեկոյան քոթեջային ավաններից մեկի այգում անհայտ անձը կրակել է քաղաքական գործչի վրա, որը տեղում մահացել է։ 2023 թվականի մարտին Իլյա Կիվային զրկել էին պատգամավորական մանդատից Գերագույն ռադայի նիստի քվեարկության արդյունքներով։ Ուկրաինայում նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության, սահմանադրական կարգը տապալելու կոչերի և բռնապետական ռեժիմների խորհրդանիշներն օգտագործելու համար։ Նա նաև աջակցել էր Ուկրաինա ՌԴ ներխուժմանը։ Այս տարվա հունիսին հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Հայաստանի 44-ամյա քաղաքացի Արայիկ Ամիրխանյանը, որը կասկածվում է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակցելու մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
factor.am