Փաշինյանին աջակցելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությո՞ւն է առաջացել

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում Թրամփի հետ միասին Փաշինյանն ու Ալիևը հուշագիր ստորագրեցին, որով, միջազգային դիտորդների կարծիքով, Հայաստանը համաձայնվեց կատարել Ադրբեջանի գրեթե բոլոր՝ հրապարակայնորեն հնչեցրած նախապայմանները:
Սակայն, նույնիսկ այս պարագայում, Ալիևը հրաժարվեց Փաշինյանի հետ ստորագրել վերջնական, այսպես կոչված՝ «խաղաղ պայմանագիրը», նշելով, որ դա կանի, երբ Հայաստանը փոխի իր Սահմանադրության մեջ այն դրույթները, որոնք վերաբերվում են Արցախին:
Հասկանալի է, որ Փաշինյանն ամեն կերպ փորձում էր Ալիևից կորզել այդ թղթի կտորը, որպեսզի կարողանար գալիք տարի այն ներկայացնել հայ հանրությանը, մտածելով, որ դրանով կկարողանար կրկին, երրորդ անգամ վերարտադրվել:
Թեև Ալիևը այս պայմանը դրել է, սակայն, Փաշինյանը չի կորցնում հույսերը՝ ստանալ այդ թղթի կտորը մինչև Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելը: Վերջինիս համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե, իսկ մինչ այդ Փաշինյանը դեռ պիտի կարողանա վերարտադրել իր իշխանությունը 2026-ի գալիք ընտրություններում:
Հայտնի է, որ Փաշինյանը փորձում է Ալիևի վրա «տղա բերել», որպեսզի կարողանա ստանալ նրանից այդ զիջումը:
Հասկանալի է նաև, որ ներկա դրությամբ Ալիևի վրա կարող է ազդել միայն Էրդողանը:
Սակայն Թուրքիան, գոնե հրապարակայնորեն, հայտարարում է, որ չի խառնվում հայ-ադրբեջանական գործընթացին, իսկ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո:
Թուրք վերլուծաբանները սակայն նշում են, որ Էրդողանը կցանկանար, որ Ալիևը Փաշինյանի հարցում ավելի ճկուն լիներ:
Քանզի, ըստ այդ վերլուծաբանների, առանց այդ թղթի կտորի, Փաշինյանին չի հաջողվի գալիք 2026-ի ընտրություններում պահպանել սեփական իշխանությունը:
Հասկանալի է, որ հրապարակային դաշտում Թուրքիան ցույց չի տալիս, որ Ադրբեջանի հետ ունի հակասություն, սակայն կուլիսներում, փորձում է ազդել Բաքվի վրա, որպեսզի Փաշինյանին «միայնակ չմնա»:
Եվ ահա, վերջերս, Թեհրան կատարած այցի ընթացքում, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց հետևյալը՝ Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։
Նա նաև Փաշինյանին գնահատեց որպես խիզախ գործիչ, ով չի վախենում հին կարծրատիպերը փլուզել:
Ֆիդանը հույս հայտնեց, որ այդ պայմանագիրը կարող է կնքվել նույնիսկ գալիք տարվա առաջին կեսին:
Ուշադրություն դարձնենք ժամկետի վրա:
Այդ ժամանակ Փաշինյանը, նույնիսկ տեսականորեն, չի կարողանա փոխել Սահմանադրությունը: Իսկ դա նշանակում է, որ Ֆիդանի խոսքերը ուղղված էին Ալիևին:
Թուրքիան մտահոգված է Փաշինյանի ճակատագրով և փորձում է հասկացնել Ալիևին, որ վերջինս ավելի ճկուն լինի Փաշինյանի հանդեպ:
Էրդողանը ամեն անգամ հիշեցնում է Ալիևին, թե ով է իրականում օգնել իրեն Արցախից հայերին վռնդել:
Ղարաբաղյան հարցի լուծմանը Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցության փաստը հաստատել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Էրդողանի կողմից հանրային ծառայության մեդալի հանձնման արարողության ժամանակ Ֆիդանը ասել է բառացիորեն հետևյալը. «Ես այս մեդալը ստանում եմ Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում ձեր հրամանները կատարելիս զոհված ընկերների անունից»:
Ֆիդանի կողմից այս հրապարակային հայտարարությունները պատահական բնույթ չունեն: Դրանք մեսիջներ են, որ ուղղված են Ալիևին, վերջինիս հասկացնելով, որ առանց Անկարայի, Ալիևը ոչինչ չէր կարող անել Ղարաբաղում:
Եվ ահա հիմա այդ նույն Ֆիդանը Փաշինյանին գնահատում է որպես խիզախ գործիչ, իսկ Ալիևին ակնարկում է, որ լավ կլիներ, որ 2026-ի առաջին կեսին հայ-ադրբեջանական պայմանագիրը պատրաստ լիներ և կնքվեր:
Թուրք վերլուծաբանների կարծիքով, Թուրքիան հայկական ուղղությունը դիտարկում է ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես համապարփակ տարածաշրջանային ճարտարապետության մաս:
Թուրքիան հույս ունի, որ Հայաստանին իր ազդեցության տակ վերցնելով, էապես կկրճատի Երևանի կախվածությունը Մոսկվայից: Իսկ առանց հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթացի, դա հնարավոր չին լինի:
Դրա արդյունքում Թուրքիան կկարողանա ունենալ ցամաքային ուղիղ կապ «թյուրքական աշխարհի» հետ և, բացի այդ, կստանա լրացուցիչ դիվանագիտական բոնուս՝ Հայոց ցեղասպանության՝ «1915 թվականի իրադարձությունների» միջազգային ճանաչման հայկական արշավի «սառեցում»:
Թուրքիայի համար խաղասեղանին դրված է շատ բան, և Անկարային պետք է, որ Փաշինյանը կարողանա վերարտադրվել 2026-ի ընտրությունների արդյունքում:
Այդ իսկ պատճառով էլ Անկարան ցանկանում է, որ Ալիևը Փաշինյանի հարցում ավելի ճկուն լինի:
Թուրք վերլուծաբանների կարծիքով, Փաշինյանը Թուրքիայի համար այս տարածաշրջանում «հնարավորությունների բացման պատուհան է», որը կարող է լինել 100 տարին մեկ: Եվ այդ հնարավորությունը բաց թողնելը կլիներ հիմարություն, նշում են թուրք վերլուծաբանները:
Պետք է նկատել, որ ի տարբերություն թուրքերի, Ալիևի մոտեցումները փոքր-ինչ տարբերվում են: Նա չի հավատում, որ Փաշինյանը ունի հնարավորությունը վերարտադրվելու 2026-ին և փորձում է Հայաստանի հետ օրակարգը չշաղկապել բացառապես Փաշինյանի անձի հետ:
Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի համար ավելի վստահելի կլինի, եթե նա կարողանա պայմանավորվել Հայաստանում այն ուժի, կամ անձի հետ, ով ունակ կլինի ընկալել նախ նոր իրողությունները և, երկրորդը՝ կունենա կայուն դիրք հետփաշինյանական Հայաստանում:
Ըստ Ալիևի՝ եթե նման ուժ, կամ անձ չգտնվի, ապա Ադրբեջանը ուժով կստիպի Հայաստանին՝ հաշտվել իրականության հետ, սակայն Հայաստանի համար ավելի վատ պայմաններում:
Ալիևի և թուրքերի այս տարբերությունը տեսանելի չէ հրապարակային տիրույթում, սակայն աշխարհաքաղաքական հարթակում, կուլիսներում այն ակնհայտ է երևում:
Նույնը վերաբերվում է Իսրայելի հետ հարաբերությունների հարցին:
Ադրբեջանը սերտորեն փորձում է կապ պահել Իսրայելի հետ, այս աշնանը միջազգային հրեական կազմակերպություններին հյուրընկալելու է իր մոտ, մինչդեռ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները օր-օրի վատթարանում են:
Եվ նույնիսկ վարկած կա, որ Իսրայելի հաջորդ հարվածը կարող է լինել Թուրքիայի ուղղությամբ:
Սակայն դա արդեն վերլուծության այլ թեմա է:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am