Ադրբեջանում տարիներ շարունակ հայերի նկատմամբ թշնամանք է սերմանվել. OC Media

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր։ Չնայած այդ փաստաթուղթը կարևոր քայլ է դիվանագիտական ոլորտում, այն հարցը, թե ինչպես այն կընկալվի երկրի ներսում և ինչպես կիրականացվի գործնականում, մնում է բաց։ Դրա մասին ասված է OC Media-ի հոդվածում։
«Վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մեջ հույս առաջացավ քաղբանտարկյալների, մասնավորապես խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամեդովի ազատ արձակման հարցում։ Այդ սպասումներն ամրապնդվեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև զրույցի ձայնագրությամբ, որի ընթացքում բարձրացվեց Ադրբեջանում հայ բանտարկյալների հարցը։
Սակայն այդ ժամանակից ի վեր ոչինչ տեղի չի ունեցել։ Ո՛չ Սամեդովը, ո՛չ էլ մյուս քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել։ Ընդհակառակը, ադրբեջանական համատեքստում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ընկալվել է միայն որպես բացասական խաղաղության դրսևորում։ Դա պայմանավորված է նրանով, որ դեռևս կան քաղբանտարկյալներ, անկախ լրատվամիջոցները ոչնչացվել են, սահմանները մնում են փակ, իսկ քաղաքացիական հասարակության մասնակցությունը հավասարվել է զրոյի։
Եթե անկախ լրատվամիջոցները ոչնչացվեն, նրանց աշխատակիցները բանտարկվեն, իսկ խաղաղության ակտիվիստները մնան ճաղերի ետևում, ինչպե՞ս է ադրբեջանական հասարակությունն ընկալելու այն խաղաղությունը, որը ենթադրաբար կապահովի Վաշինգտոնյան համաձայնագրերը։ Մի՞թե ակտիվիստների ազատ արձակումը և անկախ լրատվամիջոցների գործունեությունը նախապայման չեն իրական խաղաղության հասնելու համար։
2020 թվականից ի վեր «երկաթե բռունցքի» հռետորաբանությունը կենտրոնական տեղ է գրավել ինչպես պետական դիսկուրսում, այնպես էլ Ադրբեջանի մեդիա համակարգում։ «Երկաթե բռունցք» եզրույթը սկսել է գործել ոչ միայն որպես ռազմական նարատիվ, այլև որպես գաղափարական գործիք՝ ներքին լսարանը վերահսկողության տակ պահելու համար: Այդ հռետորաբանությունը ոչ միայն սահմանափակում է հանրային քննարկումը միլիտարիստական շրջանակում, այլև ճնշում է ռեժիմի օրինականությունը կասկածի տակ դնող ցանկացած ձայն՝ այն «դավաճանություն» որակելով: Օրինակ՝ կոռուպցիան բացահայտելու կամ ընտրակեղծիքները դատապարտելու ցանկացած փորձ ճնշվում է «հայամետ» կամ «դավաճանություն» պիտակներով:
Միևնույն ժամանակ, Ալիևն անդադար արշավ է սկսել այլախոհությունը լռեցնելու համար՝ ոչնչացնելով այն քիչ լրատվամիջոցների բազմակարծությունը, որը մի ժամանակ գոյություն ուներ։
Իր հերթին, ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցները տարիներ են ծախսել «թշնամու» կերպար ստեղծելու վրա՝ հայերի նկատմամբ ատելության խոսք և թշնամանք սերմանելով։ Հանրային հիշողության մեջ արմատավորվելուց հետո նման նարատիվները չեն կարող պարզապես անհետանալ մի ակնթարթում։
Խաղաղության հասնելը կախված է նաև առօրյա կյանքից, երկու երկրների սովորական քաղաքացիների միջև հաստատված սոցիալական և քաղաքացիական փոխազդեցություններից։ Դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը ցամաքային սահմանների բացումն է։
2020 թվականից ի վեր Ադրբեջանի ցամաքային սահմանները մնացել են փակ։ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին Ալիևը սահմանների փակումը կապեց ոչ թե հանրային առողջապահության, այլ աշխարհաքաղաքական իրավիճակի հետ՝ այն անվանելով ներքին անվտանգությունն ապահովելու միակ միջոցը։ Դա ցույց է տալիս, որ ռեժիմը շարունակ նոր նարատիվների կարիք ունի սահմանները փակ պահելու համար։ Սակայն դրանց փակումը բացասաբար է անդրադառնում ինչպես քաղաքացիների կյանքի, այնպես էլ խաղաղության գործընթացի վրա։
Եթե մենք խոսում ենք իրական, դրական խաղաղության մասին, ապա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ևս պետք է հետևողականորեն հասցվի հանրությանը և թափանցիկ լինի։
Այս խորապատկերում, խաղաղությունն Ադրբեջանում գուցե խորհրդանշականորեն ողջունեն, սակայն շատ հարցեր մնում են անպատասխան։ Օրինակ, երբ որևէ մեկը քննադատում է կոռուպցիան, բողոքարկում է ընտրակեղծիքները կամ խարդախ պատգամավորին ասում է. «Դուք ձայն եք գողացել», նրան առաջվա պես կկոչե՞ն արդյոք «հայամետ» կամ «դավաճան»։ Կամ կառավարությունը կմտածի՞ նոր արատիվ՝ այլախոհությանն օրինակարգությունից զրկելու համար։
Առանց երկրում արդարության և հավասարության, արտաքին դիվանագիտական խաղաղությունը մնում է փխրուն և անկայուն։ Բայց կարո՞ղ է արդյոք 350-ից ավելի քաղբանտարկյալ ունեցող երկիրը իսկապես փոխվել։
Ցավոք, ներկայիս խաղաղության գործընթացը կառուցվում է «վերևից ներքև», չնայած այն հանգամանքին, որ երկարատև խաղաղության հիմնական պայմաններից մեկը ներառականությունն է. այն պետք է ներառի ոչ միայն կառավարության նշանակած ներկայացուցիչներին, այլև քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին և հասարակական խմբերին։ Հակառակ դեպքում «խաղաղությունը» կմնա միայն թղթի վրա։ Սակայն նրանք, ովքեր անկեղծորեն ձգտում են իրական խաղաղության, կամ բանտում են, կամ տարագրության մեջ։ Այսպիսով, այսօր Ադրբեջանում միայն «բացասական խաղաղություն» գոյություն ունի՝ բռնության ժամանակավոր բացակայություն, բայց սոցիալական անարդարության խորացմամբ»,- նշում է պարբերականը։
NEWS.am