Դատավորը, դատախազը պատասխան են տալու, եթե անօրիական քայլ կատարեն․ Արա Զոհրաբյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավոր Արմինե Մխիթարյանն ավելի շատ վախենում է այն մարդկանց, ովքեր իրենից հաշիվ են պահանջելու, քան թե օրենքից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը։
«Ակնհայտ է՝ մարդը բան չի արել, բայց այսօր կալանքի տակ է, ես իմ պրակտիկայում այս կարգի անարդարության առաջին անգամ եմ հանդիպում։ Եզրափակիչ ելույթի ժամանակ Սրբազանը դատավորին չէր նայում, հույս չուներ, որ դատավորի վրա կարող է ազդել որեւէ տրամաբանված խոսք։ Սրբազանը լսարանի հետ էր խոսում, իսկ դատավորն էլ ուղիղ մի կետի էր նայումմ, Սրբազանին չէր նայում։ Մենք արդար դատաքննության հույս չունենք, որ քաջություն կունենա դատավորն արդար վճիռ կայացնելու։ Դատավորը, դատախազը պատասխան են տալու, եթե անօրիական քայլ կատարեն»,– ասաց Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերի 22–ին։ Այդ օրը ռեպլիկով հանդես կգա պաշտպանական կողմը, վերջին խոսքը կասի Սրբազանը եւ դատարանը կհեռանա վերդիկտ կայացնելու։