Մեզ ուղիղ ասում են․ Հայաստանի համար «սպառնալիք» է նրա սեփական հայ բնակչությունը. Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պարզվում է՝ Հայաստանի ներկա իշխանությունները իրականացնում են ազգային նարատիվների և խորհրդանիշների ձևախեղում՝ իբր արտաքին սպառնալիքները նվազեցնելու և պետական անվտանգության համակարգի վրա ճնշումը թուլացնելու նպատակով։
Դա մոտավորապես այն է, որ դուք ձեր բալիկի անունը, սեռը և տարիքը փոխեք, որ իրեն հարևանի երեխեքը չնեղացնեն։
Այլ խոսքով՝ փորձում են մեզ համոզել, որ հայկականը Հայաստանում խնդիր է։ Որ հայ լինելը Հայաստանում նշանակում է սադրել Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումը։
Սա հարբած թուրքական քարոզիչի զառանցանք չէ։ Սա իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն է։
Այսինքն՝ մեզ ուղիղ ասում են․ Հայաստանի համար «սպառնալիք» է նրա սեփական հայ բնակչությունը։
Ստացվում է, որ մեր առջև դրվում է սարսափելի դիլեմա․ կամ մենք հրաժարվում ենք մեր ինքնությունից, մոռանում, որ հայ ենք, դավաճանում ու վաճառում մեր ծագումն ու արմատները՝ կամ համարվում ենք «սպառնալիք»։
Ներեցեք, բայց ո՞ւմ համար կարող է Հայաստանում վտանգավոր լինել հայկական ինքնությունը։
Միայն նրանց, ովքեր դարերով գողացել ու յուրացրել են մեր պատմությունն ու մշակույթը, հետո էլ ֆիզիկապես ոչնչացրել մեր ժողովրդին։
Սա պարզապես սխալ չէ։ Սա պարզապես դավաճանություն չէ։
Սա Հայաստանի ամբողջական և անպայմանելի հանձնումն է թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակին։
Փաստացի դրվում է հիմք երկրի ապա-հայկականացման համար՝ և այս ամենը իբր «խաղաղության» անունով։
Բայց ի՞նչ արժեք ունի նման «խաղաղությունը», եթե այդտեղ այլևս չկան ոչ Հայաստանը, ոչ էլ հայերը։
Եվ ամենակարևորը՝ նույնիսկ եթե մենք ինքներս մոռանանք, թե ով ենք, թուրքերն ու ադրբեջանցիները դա երբեք չեն մոռանա»։