Մինչ օրս իշխանությունները չեն հրապարակել սեպտեմբերյան մարտերում զոհվածների անունները, պանթեոն չեն այցելել, փոխարենը «Հեծանվային տոն» են նշում. Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հրապարակումը․
«Երեք տարի առաջ այս օրը, 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի միջև Բրյուսելում օգոստոսի 30-ին տեղի ունեցած հանդիպումից մոտ երկու շաբաթ անց, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Հայաստանի դեմ՝ հարձակվելով միաժամանակ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ուղղությամբ։ Պատերազմական գործողությունների հետևանքով հրթիռակոծվեցին Ջերմուկ առողջարանային քաղաքը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Վերին Շորժա և Վարդենիս բնակավայրերը, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր։
Թշնամական ուժերն առաջխաղացում ունեցան բոլոր ուղղություններով՝ գրավելով գերիշխող բարձունքներ՝ իրենց տեսադաշտում վերահսկողության տակ վերցնելով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ջերմուկ, Սիսիան, Գորիս և Կապան քաղաքները, որոնք մինչ օրս գտնվում են թշնամական ուժերի տեսադաշտում։ Մինչ օրս թշնամական ուժերը շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել ՀՀ վարչական տարածքի զգալի հատվածներ։
Պատերազմական գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ Զինված ուժերի 207 զինծառայողներ, այդ թվում՝ կին զինծառայողներ։ Ադրբեջանցիները բազմաթիվ զինվորականների, այդ թվում՝ կանանց սպանելուց առաջ ենթարկել են խոշտանգումների։ Դիրքերում գնդակահարվել են գերեվարված զինվորներ, տեսանյութերը տարածվել են համացանցում։ Այդ գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈւ 20 զինծառայողներ հայտնվել են գերության մեջ, հայկական կողմն ունեցել է նաև 293 վիրավոր։
Մինչ օրս ՀՀ իշխանությունները չեն հրապարակել այդ մարտերում զոհված զինծառայողների անունները, այդ օրերին Հայաստանում չի հայտարարվել սգո օր։ Այդ գործողությունների տարելիցին ոչ մի հիշատակում, ոչ մի ուղերձ որևէ պաշտոնյայի կողմից չի հնչեցվում։ Անգամ ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետն այսօր Եռաբլուր Փառքի պանթեոն չեն այցելել, հիշատակի որևէ միջոցառում չի անցկացվել։
Այդ ռազմական գործողությունների հետևանքով, ուժի սպառնալիքի տակ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի կողմից Պրահայում ստորագրվեց հայտնի երկրորդ կապիտուլյացիոն հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, որին էլ հաջորդեց Արցախի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերից և վերջնական հայաթափումը 2023 թվականի սեպտեմբերին։
Փոխարենը Հայաստանում «Հեծանվային տոն» է։ Վարչապետը երեխաների հետ հեծանիվ է քշում նույն այդ Գեղարքունիքի մարզում»։