Այսօր լրանում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի 3-րդ տարին

Սեպտեմբերյան ագրեսիայից անցել է 3 տարի, իսկ ադրբեջանական զորքերը դեռ օկուպացված տարածքներից դուրս չեն եկել։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսեցին ինտենսիվ կրակ արձակել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ։ Հակառակորդը ռազմական ագրեսիայի արդյունքում դիրքային առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ, ինչպես նաեւ Ջերմուկի։
Հայաստանի իշխանությունները մինչեւ օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների ցուցակը։ Պաշտոնական տվյալներով՝ մարտերի ընթացքում հայկական կողմը տվել է 224 զոհ։
Ադրբեջանական զորքերն արդեն 3 տարի է՝ գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում։ Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ նրանք դուրս են գալու։