Նախկին պատգամավորի դեմ երկրորդ գործն են հարուցել` ֆեյսբուքում դատավորի դեմ գրածի համար

«Հրապարակ» թերթը գրում է. «2019թ․ ամռանը քրեական գործ հարուցվեց Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի դեմ, 2019թ․ օգոստոսի 5-ին նա համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական տվեց, օգոստոսի 12-ին Նիկոլ Փաշինյանն իր դասընկեր, ամուսնության քավոր Հայկ Ղալումյանին նշանակեց Իջեւանի համայնքապետի պաշտոնակատար: Նա այդ պաշտոնում աշխատեց մինչեւ 2021թ․ ապրիլի 8-ը` մինչեւ Տավուշի մարզպետ նշանակվելը։
Իջեւանում կարծիք կա, որ Վ․ Ղալումյանի դեմ քրեական գործի հարուցումը պայմանավորված էր Փաշինյանի քավորի համար համայնքապետի պաշտոնն ազատելով։ 2023թ․ մայիսի 25-ից Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Վարդան Ղալումյանի, Իջեւանի պատկերասրահի նախկին տնօրեն Կարինե Հովհաննիսյանի, նախկին փոխտնօրեն Սամվել Մելքումյանի եւ հաշվապահ Լյուդմիլա Բեկնազարյանի դատավարությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Վ․ Ղալումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կարինե Հովհաննիսյանի ամուսնու՝ Իջեւանի նախկին փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանի հետ գտնվելով ընկերական փոխհարաբերությունների մեջ, վերջինիս կողմից 2017-ին Երեւան տեղափոխվելուց հետո «դիտավորությամբ» հսկողություն չի իրականացրել «Իջեւանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ի տնօրեն Կ․ Հովհաննիսյանի կողմից՝ 2017 թ․ հոկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թ․ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները չիրականացնելու նկատմամբ, ինչի հետեւանքով Կ․ Հովհաննիսյանը… Իջեւանի համայնքապետարանի կողմից հիշյալ ընկերությանը հատկացված դրամական միջոցներից Իջեւանի համայնքի ավագանու որոշումներով սահմանված դրույքաչափերով նախատեսված տնօրենի աշխատավարձ է ստացել` 698 հազար 365 ՀՀ դրամ եւ «յուրացրել», որով էական վնաս է պատճառվել Իջեւանի համայնքապետարանի օրինական շահերին:
Բացի այդ, Կ․ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Իջեւանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ում 2013թ. ապրիլի 10-ից որպես լրագրող աշխատող Լիա Ճաղարյանի կողմից 2016թ. հունիսի 4-ից մինչեւ 2018թ. հուլիսի 20-ն աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում վերջինիս նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց չի կիրառել, աշխատանքից չի ազատել, աշխատանքային պայմանագիրը չի լուծել եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանձնարարել է հաշվարկել եւ Լիա Ճաղարյանին վճարել է… Իջեւանի համայնքի ավագանու որոշումներով սահմանված դրույքաչափերով նախատեսված լրագրողի աշխատավարձ` 1 մլն 74 հազար 997 ՀՀ դրամի չափով: Քրեական գործով մյուս 2 ամբաստանյալներն Իջեւանի պատկերասրահի նախկին փոխտնօրեն Սամվել Մելքումյանը եւ հաշվապահ Լյուդմիլա Բեկնազարյանն են։ Այս դատավարության ընթացքում Սամվել Մելքումյանը ծանր հիվանդությունից մահացել է։ Ի դեպ, Լյուդմիլա Բեկնազարյանը Վճռաբեկ դատարանի hակակոռուպցիոն պալատի դատավոր Լիպարիտ Մելիքջանյանի մայրն է: Մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացման, վատնման, պաշտոնեական կեղծիքի, փաստաթղթեր կեղծելու եւ այդ գործողություններին օժանդակելու հոդվածներով։ Մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը՝ գործը համարելով շինծու։ Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը եւ չհեռանալու մասին ստորագրությունը։
2025թ․ հուլիսի 4-ին դատարանըդատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ դատական նիստին անհարգելի կերպով չներկայանալու պատճառաբանությամբ որոշել է փոխել Կարինե Հովհաննիսյանի ու Լիա Ճաղարյանի խափանման միջոցը` նրանց նկատմամբ կիրառել վարչական հսկողություն եւ վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածում Կ․ Հովհաննիսյանին ու Լ․ Ճաղարյանին պարտավորեցնել՝ շաբաթը 3 անգամ գրանցվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում, նրանց արգելել՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության՝ երեկոյան ժամը 20:00-ից մինչեւ առավոտյան ժամը 08։00-ն ներառյալ լքել բնակության վայրը, որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը։ Դատավորը խափանման միջոցը փոխելու որոշման մեջ սխալմամբ նշել է, որ Լիա Ճաղարյանն անչափահաս մեկ երեխայի մայր է, մինչդեռ Ճաղարյանը 2 անչափահաս երեխա ունի։ Կ․ Հովհաննիսյանը 3 անչափահաս երեխայի մայր է, նրա ամուսինը՝ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ավելի քան 3 տարի, առանց դատավճռի, անազատության մեջ է` Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով։
Դատավոր Դավթյանի այդ որոշումը հետեւանքներ էլ է ունեցել. 2025 թ․ հուլիսի 15-ին Ֆեյսբուքում «Suren Manukyan» օգտատերը վիրավորական արտահայտություններ է օգտագործել, որի կապակցությամբ դատավոր Տ․ Դավթյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նրա դեմ։ 2025 թ․ հուլիսի 31-ին փաստի առթիվ ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերով գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում վարույթ է սկսվել` Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, եւ 490-րդ հոդվածի 1-ին մասերով` դատավորի նկատմամբ սպառնալիքի կապակցությամբ: Դավթյանը ճանաչվել է որպես տուժող։
Չնայած դատավոր Տ․ Դավթյանը համարել է, որ Ղալումյանի եւ մյուսների քրեական գործով ինքը կարող է անաչառ եւ անկողմնակալ լինել, սակայն պարզ է, որ օբյեկտիվ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկածներ առաջանալ, որ այդպես չէ։ Դատավարության սեպտեմբերի 8-ի նիստում պաշտպան Սերգեյ Ոսկանյանը դատավորին ինքնաբացարկ է հայտնել։ Դատավոր Տիգրան Դավթյանը որոշել է պաշտպանի ներկայացրած միջնորդությունը բավարարել եւ այդ քրեական գործով ներկայացված բացարկն ընդունել է, այժմ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի նախագահը գործը պետք է հանձնի այլ դատավորի` քննության, որը դատը վարելու է «նոր տողից»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։