ՀՀ հակահայ իշխանությանը հանձնարարված է՝ սեփական ձեռքով սեփական փոսը փորել․․․

ԱԺ խոսնակի երեկվա՝ ակնհայտ միտումնավոր հայտարարությունը, թե՝ Հայաստանը ենթադրաբար 100 քկմ ադրբեջանական տարածք իր տիրապետության տակ է պահում, փաստում է, որ նա հրահանգ է ստացել տվյալ ստահոդ լուրը հնչեցնելու՝ այդպիսով շոշափելով հանրային զգայունությունը։ Իրեն հրահանգ տվողն էլ իր տերերից է հանձնարարություն ստացել։ Ի դեպ, տանդեմի քաղաքականությունը ՀՀ քպական իշխանության ղեկավարի հետ քանի գնում բավական վտանգավոր է դառնում՝ այն ոչ այլ ինչ է, քան սեփական ձեռքով սեփական փոսը փորելու հանձնարարություն։ Հենց այս համատեքստում է խոսնակի անհիմն հայտարարությունը, երբ ասում է՝ շատ տեղերում իրենք են առաջ, շատ տեղերում մենք ենք առաջ․․․ Իսկ երբ հարցնում էս՝ ի՞նչի մասին է խոսքը, Հայաստանում որտե՞ղ կա նրանց պատկան տարածք, թե բա՝ օրինակ Տավուշում։
Այսինքն, ուղղակի կրկնում է իր քպական ղեկավարին։ Այս քաղաքականությունն են որդեգրել՝ նախ՝ անհեթեթությունը տարածում են, հետո իրենք իրենց ասած անհեթեթությանը հղում անում։ Հիմա այսպիսով հող է նախապատրաստվում Բաքվի կողմից օկուպացված ՀՀ տարածքների վերադարձը սառույցին գրելու և ազարբայջանի հսկողության տակ թողնելու համար։
Իրական խորհրդարանական հանրապետությունում Ազգային ժողովի նախագահն է քաղաքական ամենաբարձր պաշտոնը, սակայն Հայաստանում այն վերածվել է գործադիրի ղեկավարի բացարձակ կամակատարի: Եվ քանի որ վարչապետի աթոռն զբաղեցնողը ՀՀ թշնամի պետության հետ սինքրոն է գործում, սույնը վերածվել է թշնամու կամակատարի կամակատարի... Այս կերպարն ի սկզբանե չի գիտակցում իր ստանձնած քաղաքական պաշտոնի դերն ու նշանակությունը՝ իրեն բացառապես զգալով որպես քպ առաջներդի աջ ձեռք: ԱԺ մյուս ֆրակցիաների հանղեպ թշնամաբար տրամադրված ԱԺ խոսնակը պատրաստ է գնալ ցանկացած դավաճանական քայլի, իրականացնելով սատանայի փաստաբանի նույնքան դավաճանական գործառույթը: Այլապես, ի՞նչ բացատրություն կարելի է տալ նրա այն հայտարարությանը, թե Հայաստանը վերահսկում է ազարբայջանական իքս տարածք...
Հարց ՝ որտեղից է թելադրված այս կեղտոտ, ակնհայտ թրքաբարո հորինվածքը: Այն, որ ՀՀ պետական սահմանը խախտելով 2020-ից հետո ազերի զինուժն առաջ եկավ՝ խրվելով մեր հողում ու հետ չգնաց ՀՀ սահմանային տարբեր հատվածներում, մենք գիտենք, ընդ որում, նույն փաշինյանական ցուցափայտն էր այդ տարածքների տեղը բարձրաձայն ցուցանում։ Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում․․․ 2020-ի պարտվողական պատերազմից հետո ամեն օր 24-ժամյա կտրվածքով փաշինյանական իշխանության բոլոր օղակները լծված էին թշնամի պետության շահը Հայաստանի հաշվին առաջ տանելուն, մեր շահերը՝ զոհաբերելով, անտեսելով․․.
Ո՞րն է խոսնակի ստահոդ խոսույթի միտք բանին՝ եթե ոչ ալիևյան հրահանգը սեփական կամքով կատարելու ստրկահաճությունը, ընդ որում, ոչ միայն ՀՀ ինքնիշխան տարածքի հաշվին, այլ նաև ՀՀ -ին ընդհուպ օկուպանտի դեր վերապահելու՞ն:
Հայաստանում ազարբայջանական տարածք չկա, իսկ ներկա իշխանությանը հանձնարարվել է հերթական անգամ ինքնախոստավանական ցուցմունք տալ ինքն իր դեմ, որը տվյալ պահին ընկալվում է՝ Հայաստանի դեմ․․․ Իրականում 110 քմ տարածքի մասին ԱԺ խոսնակի պնդումը չունի որևէ իրավական հիմնավորում։
Հարց՝ ինչու՞ է սա արվում, ու՞մ աչքին է թոզ փչվում: Երբ Հայաստանը հաղթած պետություն էր՝ իր հստակ արտաքին քաղաքականությամբ, արցախյան բանակցային պրոցեսում Մինսկի խմբի յուրաքանչյուր հայանպաստ դիրքորոշումից հետո ալիև կրտսերն իր ներքին լսարանի համար հատուկ հռետորաբանություն էր կիրառում, հիմա փաշինյանականներն են՝ մի կողմից ալիևին են լսելի դարձնում թե՝ ինչ ասել եք, անում ենք, մյուս կողմից՝ զուտ իրենց ներքին լսարանի համար են խոսում՝ շատ լավ իմանալով, որ իրենց ասած անհեթեթությունները ազարբայջանի և իրենց՝ օրեցօր նվազող ընտրազանգվածի համար են։
Իսկ հայության հիմնական, գիտակից մասի համար այլևս կասկած չկա, որ ներկա իշխանությունը տանդեմի հրահանգներով է առաջնորդվում։
pastinfo.am