Ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է. երեկվանից Ալեն Սիմոնյան է ցիտում

Ադրբեջանական մամուլը երեկվանից հրճվանքով ու մեծ ոգևորությամբ մեջբերում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։
Օրինակ, որ նա ասել է. «Նույն հայերն ու ադրբեջանցիները Մոսկվայում բիզնես են անում և ընկերություն են անում։ Նույնն են անում նաև այլ երկրներում։ Լարվածություն կա, վերքերը թարմ են։ Իսկ մենք մարդ չե՞նք սպանել։ Ադրբեջանական կողմից մարդիկ չե՞ն մահացել»։
Կամ. «Մենք ունենալու ենք հայ-ադրբեջանական ապրանքների համատեղ շուկա։ Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի և Ադրբեջանի մնացած քաղաքների խանութներում, և դա անխուսափելի է։ Ինչքան էլ ուզում եք թռեք օդ, իջեք ներքև՝ անխուսափելի է։ Հայերը գնալու են ավելի էժան բենզին առնեն, գան, որովհետև այդպես ձեռնտու է»։
Սիմոնյանին ցիտող ադրբեջանական մամուլը, սակայն, միայն ցիտում է Սիմոնյանին։ Ոչ մի խոսք, ոչ մի ակնարկ, որ իրենք էլ են պատրաստ հայերի հետ առևտուր անել, որ հայկական ապրանքները լինելու են Բաքվում ու ադրբեջանական այլ տարածքներում։
Ադրբեջանցիների՝ «խաղաղության համաձայնագրի» հեռանկարում միայն աշխարհաքաղաքական հարցեր են, ու այսօր ցանկացած հարթակում միայն ա՛յդ օրակարգն է շրջանառվում։ Ոչ մի ադրբեջանցի հայ մաքսավորի երես չի՛ տեսնելու ու վերջ։ Ոչ մի հայ իրավունք չունի «Զանգեզուրի միջանցք» կոչված ճանապարհին կանգնեցնելու և ստուգելու ադրբեջանցու մեքենան։
Բաքվում հայ գերիների նկատմամբ վրեժով լցված, ի դեմս հայ բռնադատվածնի՝ ամբողջ հայությանը դատող ադրբեջանցիները կես տառ անգամ չեն գրում հայերի հետ հաշտվելու, Ալեն Սիմոնյանի ասած՝ առևտուր անելու մասին։ Այդպիսի հայտարարություններ ՀՀ իշխանությունների ամենաբարձր մակարդակով հնչում է միայն Հայաստանից՝ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ։