«Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը ՄԻՊ-ին պարզաբանել են, որ չենք ընդունում Էդգար Ղազարյանին որպես քաղաքական գործիչ». Ղազարյան

ԱԺ է գնացել Ես հիմնավոր կասկած ունեմ, որ «ՔՊ»-ն արդեն ունի խմբակցության ընդհանուր դիրքորոշում, որ պետք է ինձ ընդունելության չարժանացնեն ոչ մի պարագայում, բայց սա ակնհայտ ապօրինություն է, որովհետև դա իրենց պարտականությունն է հանդիպել քաղաքացիների հետ, առավել ևս, որ ընդունելության նախաձեռնությունը ԱԺ-ինն է, այլ ոչ իմը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Էդգար Ղազարյանն, ով քաղաքացիների ընդունելության շրջանակներում հերթական անգամ գնացել էր ԱԺ։ Վերջինիս խոսքով՝ ինքը չի խնդրել հանդիպում, Աժ-ն է հայտարարել քաղաքացիների ընդունելություն և ինքը, որպես քաղաքացի, գրանցվել է ընդունելության համար։ «Ամեն անգամ հանդիպում եմ խտրական վերաբերմունքի, որովհետև ընդունելության ներկայացող այլ քաղաքացիներին ընդունելության արժանացնում են և ԱԺ աշխատակիցն ինձ ասում է, որ միայն Ձեզ ընդունելության չեն արժանացնում։
Ընդ որում՝ գրավոր էլ նաև գրել են Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը ՄԻՊ-ին, պարզաբանել են, որ մենք չենք ընդունում Էդգար Ղազարյանին որպես քաղաքական գործիչ, այսինքն ընդգծում են, որ իմ քաղաքական հայացքներն են ընդունելության չարժանանալու պատճառը, այն դեպքում, երբ քրեական օրենսգրքում խտրականության հոդվածը նախատեսում է նաև խտրական վերաբերմունքը պայմանավորված քաղաքական հայացքներով։ Ցավալին այն է, որ բոլոր դեպքերում հաղորդում եմ տվել դատախազություն հանցագործության մասին, վարույթ էլ չեն նախաձեռնում, ընդ որում՝ ոչ մի հիմնավորում չի գրում քննիչը։
Քրեական դատավարության օրենսգրքից մի քանի հոդվածներ արտագրում է նամակի մեջ և ասում է հիմքեր չկան, բայց իմ ներկայացրած հանգամանքներից ոչ մեկը ուսումնասիրության առարկա չեն դարձնում վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու վերաբերյալ որոշում կայացնելուց»,-ասաց Ղազարյանը։