Մոլեռանդ քրիստոնյա ներկայացողը, այսօր Ադրբեջանի հրահանգով լծված է հայոց եկեղեցու դեմ կազմաքանդիչ արշավի իրագործմանը. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Վերջին շրջանում հաճախ եմ մտածում, որ ամենից բարդը դա բարոյականության ու տրամաբանության բացակայության պայմաններում ապրելն է, շատ ավելի դժվար է, երբ այդ պայմաններում դու հանրային գործունեություն ես ծավալում։
Այսօր ՀՀ իշխանությունների ակտիվ քայլերի շնորհիվ Հայաստանում փաստացի հաստատվել է «կեղծապետություն», երբ պետության ղեկավարության գլխավոր գործիքակազմը իրողությունների կեղծումն է ու անպատկերացների մասշտաբների հասնող սուտը։
«Հայաստանը անկախ է, քան երբևէ» գոռացողը այսօր Ադրբեջանի հրահանգով պատրաստ է օր առաջ հրաժարվել ՀՀ Անկախության հռչակագրից։
«Հայաստանը ինքնիշխան է, քան երբևէ» գոռացողը Ադրբեջանի պահանջով պատրաստ է Սահմանադրություն փոխել, ինչպես նաև անձամբ բառ բառ կրկնել Ադրբեջանի ղեկավարի բազմաթիվ թեզեր՝ ընդդեմ հայկական շահի։
«Աննախադեպ ու պատմական» խաղաղության մասին գոռացողը փաստացի ապահովում է ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքներում՝ արդարացնելով դա բացառապես Ադրբեջանին հարմարավետ թեզերով։ Հենց այս «խաղաղության» ջատագովի կառավարման շրջանում Ադրբեջանի ղեկավարը ակտիվ շրջանառության մեջ դրեց «Արևմտյան Ադրբեջան» վտանգավոր զավթողական կոնցեպտը՝ դա դարձնելով հանրակրկթական ծրագրի մաս։ Ես էլ չեմ խոսում, որ հենց նրա օրոք ՀՀ-ն ենթարկվեց լայնածավալ հարձակման, սեպտեմբեր/2022:
Ժողովրդավարության մոլեռանդ ֆանատ ներկայացողը այսօր ամենակոպիտ ձևով ոտնահարում է ժողովրդավարական բոլոր արժեքներն ու ինստիտուտները, ավելին հայտարարում է՝ «կառավարությունը ես եմ»՝ թույլ չտալով որևէ այլակարծություն՝ հիմնված տրամաբանության ու պրոֆեսիոնալիզմի վրա։
Ժամանակին քաղբանտարկյալ եղածը այսօր ապահովում է Հայաստանում հենց քաղաքական հայացքների համար բազմաթիվ մարդկանց ապօրինի կալանավորումը։ Պարզ մարդկային տրամաբանությունը հուշում է, այդ մարդիկ չէին կալանավորվի, եթե հանդես չգային Փաշինյանին ուղղված «թթու խոսքերով»։
«Պադավատապետության» դեմ պայքարողը դարձավ հղի կնոջը հենց իր «պադավատապետությամբ» կյանքից զրկողը, հետո պարզվեց, այդտեղ ինքն ընդամենը «ուղևոր» էր։
Արդար և ազատ ընտրությունների համար պայքարողը դիմում է ամեն քայլի, որպեսզի այն տեղերում, որտեղ ընդդիմադիր գործիչները մանդատ են ստացել, չկարողանան մնալ իշխանության։ Նրանց դեմ հաճախ հենց ապօրինի կալանքն է կիրառվում՝ որպես միջոց։
Թալանի, կոռուպցիայի դեմ պայքարողները հայտնվեցին ամենախոշոր կոռուպցիոն սկանդալների կիզակետում, իսկ գերագույն գլխավոր պայքարողը այսօր պետբյուջեի հաշվին իր համար նախընտրական քարոզարշավ է անում, դե իսկ Սամվել Կարապետյանի հետ էլ անձնական հաշիվները ևս փակում է պետբյուջեի հաշվին։ Սրանք դեռ երևացող կողմերն են։
Մոլեռանդ քրիստոնյա ներկայացողը, այսօր Ադրբեջանի հրահանգով լծված է հայոց եկեղեցու դեմ կազմաքանդիչ արշավի իրագործմանը։ Նա շատ պարզ խոստովանել է, որ այդ արշավի նպատակը եկեղեցին քանդելն է, իհարկե, դա անում է ընդգծված «քրիստոնեական» մեթոդներով։ Փաստացի, նրա կարգախոսն է՝ «Քրիստոսի անունից ընդդեմ քրիստոնեության»։
«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը դարձավ Արցախը Ադրբեջանին կազմում ճանաչողը ու Արցախի հարցի ամենադաժան «լուծման» իրագործողը, ավելին՝ հիմա հպարտանում է, որ պատերազմ է ապահովել, էթնիկ զտում, ուրախ է, որ էլ հայ չկա Արցախում՝ «Չկան հայեր, չկա խնդիր» սկզբունքի ներքո։
Այս շարքը թերևս շարունակելի է, բայց այստեղ ամենից կարևորը հենց հանրային արձագանքն ու մոտեցումն է «կեղծապետությանը»։ Ոմանք, իհարկե, շարունակում են հենց ինքնախաբեությամբ զբաղվելով չտեսնել կատարվողը, դա էլ է ընտրություն։ Ուղղակի կեղծիքն ու սուտը մի հատկություն ունեն՝ ռիսկերի կոծկումը չի վերացնում ռիսկերը, ավելին՝ խորացնում է դրանք, հետո այդ ամենը պայթելու է բոլորի աչքի առաջ՝ վնասելով մեզ ու մեր պետությանը։
Ես ունեմ համոզում՝ հայ հանրության մեծ մասը չի ընդունում կեղծիքը, չի ցանկանում ապրել դրա մեջ, ուղղակի դեռևս չի տեսնում խնդրի քաղաքական լուծման առաջարկ։ Հենց դա լինի, այս «կեղծապետության» ավարտը չի ուշանա։ Մենք արժանի ենք իրապես ժողովրդավար, խաղաղ ու հզորացող երկիր ունենալ, վստահ եմ՝ շատերն էլ պատրաստ են իրենց ջանքը դնել նման պետության կառուցման համար։ Ուղղակի դա հնարավոր չի տրամաբանության ու բարոյականության բացակայության ու մերժման պայմաններում»։