Շնորհակալ եմ Նիկոլին, որ տղայիս վրա բռնաբարության փորձի հոդված չդրեցին. Վարդան Ղուկասյան

Սպասելի էր դատարանի որոշումը, բա օդի մեջ ստից էսքան բան արեցին, մի բան պիտի տային: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից որդուն` Սպարտակ Ղուկասյանին 2 ամսով տնային կալանք տալուն:
Անդրադառնալով ՔԿ-ի կողմից որդուն առաջադրված 2 նոր մեղադրանքին՝ Ղուկասյանը հեգնեց.
«Նիկոլից շնորհակալություն եմ հայտնում, որ տղայիս վրա բռնաբարության փորձ կատարելու հոդված չդրեցին: Ես էսպիսի պետություն չեմ տեսել, որ էսքան հոգս, պրոբլեմ պատճառի իր ժողովրդին: Ես գիտեմ, որ պետությունը պետք է թոթափի իր ժողովրդի պրոբլեմները: Սրանք ամբողջ երկիրը լցրել են բանտերը, նման բան մարդկանցից «обиженник»-ները կարող են անել»,- ասաց Ղուկասյանը:
Ղուկասյանը, անդրադառնալով թոռների աչքի առջև տղայի ձերբակալությանը, ասաց, որ եթե իր հետ խնդիր ունեն, թող իր հետ խոսեն.
«Եթե իրենք էդ մոտեցումն ունեն, ուրիշներն էլ իրենց ընտանիքի մասին կմտածեն, իրենց ընտանիք կմտնեն, դա սրիկայություն է, ուրիշ բառ չկա, որ ես բնութագրեմ»,- նշեց Գյումրու քաղաքապետը:
Հիշեցնենք, որ երեկ Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել էին շորթման մեղադրանքով:
Քիչ առաջ էլ 24News-ը գրել էր, որ դատարանը Սպարտակ Ղուկասյանին երկու ամսով տնային կալանքի տալու որոշում է կայացրել:
Որոշումից հետո պարզ դարձավ, որ ՔԿ-ն Ղուկասյանին 2 նոր մեղադրանքներ է առաջադրել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով: