Արդեն 30 օր ադրբեջանական բանտում հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի ճակատագրով ԱԳՆ-ն հետաքրքրվելու է, թե ոչ. ԿԽՄԿ-ն անզոր է, իսկ ԱԳՆ-ն լռում է

Կարմիր խաչը այս պահին ոչինչ չի կարող անել արդեն 30 օր ադրբեջանական բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանին որևէ կերպ աջակցելու համար, քանի որ ԿԽՄԿ-ի աշխատանքը Ադրբեջանում դադարեցված է, գերիներին հասանելիություն չունեն։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ անդրադառնալով Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի վատթարացմանը։
«Մենք ասել ենք, որ մեր հնարավորությունները կկարողանանք օգտագործել, որպեսզի հետագայում կարողանանք մաքսիմալ երկխոսություն ապահովել գերիների ու նրանց հարազատների միջև, բայց խոսքը ապագայի մասին է։ Այս պահին նման հնարավորություն չկա»,- նշել է Ամատունին։
Նրա փոխանցմամբ՝ վերջին հաղորդակցությունը գերիների և նրանց հարազատների միջև եղել է հունիս ամսին, դրանից հետո իրենք այդ անձանց հասանելիություն չեն ունեցել։ «Իհարկե, մենք կցանկանայինք, որ հնարավոր դառնա որևէ տարբերակ, բայց այս պահին չունենք որևէ հնարավորություն։ Ուզում ենք կոնտակտ գտնել Ադրբեջանի ղեկավարության, բայց դա շատ-շատ բարդ է»։
«Փաստինֆոն» նաև դիմել է ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով պարզաբանել, թե ԱԳՆ-ն որևէ կերպ կարո՞ղ է միջնորդել արդեն շուրջ 30 օր հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանին բժշկական աջակցություն ցուցաբերելու համար, և, առհասարակ, ԱԳՆ-ն ի՞նչ անելիք է ունի այստեղ։ Միաժամանակ, մենք նաև հարցրել էինք, թե արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն մտադրություն ունի՞ դիմելու Շվեյցարիայի կառավարությանը Կարմիր խաչի՝ Ադրբեջանում փակվելուց հետո գերիների և նրանց հարազատների միջև կապ ապահովելու համար քայլեր ձեռնարկելու համար։ Հիշեցնեք, որ երբ արցախցիները դիմել էին Շվեյցարիայի կառավարությանը՝ այդ խնդրանքով՝ Շվեյցարիայից պատասխանել էին, որ ՀՀ կառավարությանը միջնորդության անհրաժեշտություն կա։
ԱԳՆ-ում սպասեցին ԱԺ նիստին, որից հետո ի պատասխան նշեցին, թե ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ նախարար Միրզոյանի կողմից թեմային անդրադարձ է եղել և հիմք ընդունենք այն։
Սակայն խնդիրն այն է, որ ԱԺ-ում Միրզոյանը սոսկ կարևորել էր հումանիտար հարցերի առաջնային լուծումը, բայց, թե այդ ուղղությամբ կոնկրետ ինչ գործողություններ են արվում, մասնավորապես՝ դիմելու են Շվեյցարիայի կառավարությանը, թե ոչ։ Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի վերաբերյալ գոնե պարզաբանում ստանալու համար դիմելո՞ւ են Բաքվին, թե ոչ։ Միրզոյանը այս հարցերին չի անդրադարձել ԱԺ նիստում, իսկ ԱԳՆ-ից էլ ասում են հիմք ընդունեք չտրված պատասխանները։ Եւս մեկ ապացույց, որ ասելիք չունեն կամ էլ թույլտվություն Բաքվից։