Ինչո՞ւ Փաշինյшնը համաձայնվեց Ալիևի տեսակետի հետ Մինսկի խմբի լուծարման մասին և քաղաքшկան դաշտից արձագանք չստացավ

Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ, բանակցային, քաղաքական կարգավորումը խթանելու համար։
1994 թվականի դեկտեմբերին ԵԱՀԽ մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների Բուդապեշտի հանդիպման ժամանակ սահմանվեց Մինսկի խմբի մանդատը։
Միաժամանակ որոշվել էր կիրառել համանախագահության ինստիտուտը։ 1996 թվականին Ռուսաստանի ներկայացուցիչը ստացավ Մինսկի խմբում մշտական նախագահի կարգավիճակ, մեկ տարի անց Ֆրանսիան դարձավ խմբի համանախագահ։ Եվ վերջապես, երրորդ համանախագահը դարձավ ԱՄՆ ներկայացուցիչը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը 1992-ից մինչ 2020 թվականները հակամարտող կողմերին ներկայացրեց մի շարք առաջարկներ՝ որպես բանակցությունների հիմք, որոնք սակայն չհանգեցրին փոխադարձաբար ընդունելի փոխզիջման, բայց թույլ տվեցին իրավիճակը «սառեցնել» երկար տարիներ։
Այդ առաջարկներից առանցքայինը և ամենաբալանսավորվածը եղավ 2007-ին Մադրիդում, որը հիմնված էր երեք սկզբունքների և վեց կետերի կատարման վրա: Այն է.
-Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը։
-Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում, որը կերաշխավորեր նրա անվտանգությունն ու ինքնակառավարումը։
-Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի բացման անհրաժեշտություն։
-Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում ապագայում՝ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիման վրա։
-Բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքի ապահովում։
-Միջազգային անվտանգության երաշխիքների տրամադրում, այդ թվում՝ խաղաղապահ գործողության միջոցով։
Ի դեպ, այս սկզբունքների տակ, ժամանակին ստորագրել էին և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ներկայացուցիչները:
Խնդրի կարգավորման այս սկզբունքները մեծ հաղթանակ էին համարվում միջազգային հարթակներում, որը թույլ չէր տալիս կողմերից որևէ մեկին, դիմել ուժի:
Օրինակ, 2016-ի ապրիլյան հարձակումից հետո, Ադրբեջանը, ճիշտ է, գրավեց 800 հեկտար տարածք, սակայն դիվանագիտական հարթակում կրեց խոշորագույն պարտություն, քանզի դրանից հետո Ալիևից արդեն կոպիտ ձևով պահանջում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշվելու իրավունքը: Ի դեպ, դրա մասին, անձամբ ինքը՝ Ալիևը մի անգամ չէ, որ խորստովանել էր:
Կարելի է ասել, որ Մինսկի խումբը և վերը նշված սկզբունքների ընդունումը բավականին պինդ էին փակել զինված հարձակման դիմելու Ալիևի ցանկությունները:
Ամեն ինչ կտրուկ փոխվեց 2018-ից հետո, երբ Փաշինյանն անսպասելիորեն հայտարարեց, որ փորձելու է փոխել բանակցային տրամաբանությունը, իր տեղը զիջելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին:
Նրա այս քայլը շատերը այն ժամանակ գնահատեցին, որպես պարզունակ պոպուլիզմ, սակայն ոչ ոք չէր մտածում, որ Փաշինյանը եկել էր իշխանության, որպեսզի վարկաբեկեր և կազմաքանդեր այս կառույցի գործնեությունը: Այսինքն, կատարեր այն, ինչ ինչի մասին այն ժամանակ երազում էին Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Պետք է նշել, որ վերջնարդյունքում Փաշինյանին դա հաջողվեց. նա փաստացի մերժեց 2019-ին համանախագահների վերջին առաջարկությունները, իսկ հետո Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», կարծես ցույց տալով, որ ամեն ինչ անելու է, որ լեգիտիմացնի Ադրբեջանի ապագա զինված հարձակումը և, վերջապես, 2020-ին, անսպասելիորեն շատերի համար, Հայաստանի անվտանգության հայեցակարգային փաստաթղթում փոխարինեց «Արցախի Հանրապետություն» քաղաքական ձևակերպումը աշխարագրական Արցախ տերմինով և նույն տարվա ամռանը դիմեց ակրածախնդիր քայլի Տավուշի մարզում, որի արդյունքում սպանվեցին մի շարք թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ:
Այսինքն, Փաշինյանն իր այս քայլերով, բառի բուն իմաստով սկուտեղի վրա լեգիտիմ որոշում մատուցեց Ալիևին՝ Արցախի դեմ ռազմական գործողություն իրականացնելու համար:
Ավելին, պատերազմից հետո, Փաշինյանն արդեն հրապարակավ հայտարարեց, որ Արցախի հարցը հորինվել էր ԽՍՀՄ-ի կողմից, և ինքը 2022-ի հոկտեմբերին համաձայնվելով Արցախը հանձնել Ադրբեջանին, դրանով ուժեղացրեց Հայաստանի պետականության հիմքերը:
Նման ցինիկ մտքերը հուշում էին, որ փաստացի մինչ նրա բոլոր գործողությունները, սկսած 2018-ից, Արցախի հանձման հարցում կրել էին կանխամտածված բնույթ:
Եվ վերջապես, նրա երեկվա հայտարարությունն այն մասին, թե Մինսկի խմբի գործնեությունը օգուտ չբերեց Հայաստանբի և տարածաշրջանի համար, թարգմանաբար պիտի հասկացվեր, այնպես, որ Արցախի հարցի լուծումը հենց սկզբից շահավետ չէր Ալիևի համար, քանի որ դրա արդյունքում այդ կառույցը ստանում էր լծակ Ադրբեջանի վրա:
Այսինքն, Փաշինյանը երեկ բառացի կրկնեց Ալիևի տեսակետը:
Շատերը դա կարող են գնահատել որպես հերթական մուրացկան քայլի փորձ՝ Ալիևից ստանալ այն, իբր, խաղաղության թղթի կտորը, որը պիտի Փաշինյանը ներկայացնի հանրության առջև, իր իշխանությունը երրորդ անգամ վերարտադրելու համար:
Սակայն Փաշինյանի բոլոր նախկին քայլերը հուշում են, որ այս անձնավորությունը, հենց 2018-ից սկսած էր մտածել այս ուղով տանել գործընթացները, և այսօրվա իրավիճակը ոչ թե պատերազմում պարտվելու հետևանքն է, այլ՝ Փաշինյանի և նրա թիկունքում թաքնված շրջանակների կողմից ծրագրված գործողությունների արդյունքն է:
Այդ իսկ պատճառով էլ Փաշինյանն այսօր իրեն այսչափ լկտի և սանձարձակ է պահում:
Սակայն Փաշինյանի նման պահվածքը խնդրի մի կողմն է: Մյուս կողմը այն է, որ մինչ այսօր Հայաստանում դեռ չի ձևավորվել մի քաղաքական ուժ, որը կկարողանար կանգնեցնել այս ամոթալի և խայտառակ իրավիճակը, որը նաև լուրջ սպառնալիք է Հայաստանի համար:
Սակայն դա արդեն այլ խոսակցության թեմա է:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am