Մինչ օրս անկլավների մասին իրավական հիմք չկա. 110 քմ տարածքի մասին Ալեն Սիմոնյանի պնդումը չունի հիմնավորում. քարտեզագիր

Տարածքների մասին խոսելիս շատ կարևոր է հասկանալ՝ երբ ասում ենք «ադրբեջանական տարածք», ապա ի՞նչ իրավական հիմք ենք դրա տակ դնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քարտեզագիր Շահեն Շահինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը վերահսկում է Հայաստանի 210 քմ տարածք, իսկ Հայաստանի վերահսկողության տակ էլ Ադրբեջանի շուրջ 110 քմ տարածք կա։
Շահինյանը նշեց, որ Հայաստանի ներկայացուցիչները պաշտոնական բանակցությունների ժամանակ մատնանշում են ԽՍՀՄ 1970-ականների քարտեզները, մինչդեռ ադրբեջանական կողմը նման հղում չի անում։ «Ադրբեջանը նույնիսկ առաջարկել է, որ սահմանազատումն արվի տարբեր հատվածներում տարբեր քարտեզներով ու սկզբունքներով։ Դա անընդունելի է։ Սահմանագծման ժամանակ պետք է գործի մեկ հստակ սկզբունք»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ եթե հիմք ընդունենք 1970-ականների խորհրդային քարտեզները, ապա հաշվի առնելով 2021 թ. իրադարձությունները՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են ավելի քան 200–250 քմ հայկական տարածքներ, ներառյալ Արծվաշենը։ Իսկ եթե խոսում ենք ադրբեջանական տարածքների մասին, ապա պետք է հիշենք, որ այդ քարտեզներում կան նաև անկլավներ, սակայն դրանց վերաբերյալ մինչ օրս որևէ իրավական հիմք գոյություն չունի։ «Մենք փնտրել ենք և չենք գտել որևէ իրավական փաստաթուղթ, որը կհաստատեր անկլավների առաջացման հիմքերը»,- նշեց Շահինյանը։
Նրա գնահատմամբ՝ նույնիսկ եթե ենթադրենք, որ Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ և դրանց մեջ ներառենք անկլավները, ապա դրանք կազմում են մոտ 40–45 քմ։ «Մնացած տարածքները, որոնք սահմանային տարբեր հատվածներում կարող են գտնվել մեր վերահսկողության տակ և ենթադրաբար պետք է փոխանցվեն Ադրբեջանին 1970-ականների քարտեզների հիման վրա, հաստատ 110 քմ չեն։ Կարծում եմ՝ այդ թիվը շատ ավելի քիչ է»,- ասաց նա։
Քարտեզագրի կարծիքով՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ունի քաղաքական, այլ ոչ մասնագիտական հիմք։ «Թիվ հնչեցնողը մասնագետ չէ։ Եթե դա ենթադրություն է, ապա կարծում եմ՝ սխալ է, երբ բարձր պաշտոն զբաղեցնող անձ նման ենթադրություն է անում»,- նշեց նա։
Շահինյանը հավելեց, որ մասնագետների առաջ երբեք խնդիր չի դրվել՝ հաշվարկել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները, քանի որ հստակ հիմքերով սահմանազատում չի եղել։ «Երբ ասում ենք՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է Հայաստանի 200–250 քմ տարածք, դա հստակ հաշվարկված է 1980-ականների հիման վրա։ Բայց Ադրբեջանը երբեք չի մատնանշել իրավական հիմք, որով իր տարածքը ճանաչում է։ Ավելին, նրանց պաշտոնյաները հաճախ իրենց տարածքը նույնացնում են 1918-ին ստեղծված Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության տարածքի հետ։ Ըստ այդ մոտեցման՝ նրանք Հայաստանից պահանջում են 19 000 քմ, ինչը բանակցելու ենթակա չէ և բացարձակապես աբսուրդ է»,- եզրափակեց Շահեն Շահինյանը։