Փաստաբան Արմեն Օհանյանին տևական ժամանակ գաղտնալսել են, Օհանյանը մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան

Վարչական դատարանի դատավորների անունը շոշափող վարույթի շրջանակներում կալանավորված փաստաբան Արմեն Օհանյանը մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արմեն Օհանյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին ՀԿԿ քննիչները խուզարկություններ են իրականացրել Վարչական դատարանի երեք դատավորի, այդ թվում՝ դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակներում և բնակարաններում։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նույն օրը հաստատել էին կատարված խուզարկությունները՝ նշելով, որ դրանք իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Քրեական գործով ձերբակալվածներից մեկը եղել է փաստաբան Արմեն Օհանյանը։ Այժմ Օհանյանը և ևս մեկ անձ կալանավորված են։ Ինչ վերաբերում է Վարչական դատարանի դատավորներին, ապա առ այս պահը նրանց անձեռնմխելիություն հաղթահարելու հարց ԲԴԽ-ում չի քննարկվել։
Արմեն Օհանյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Արմեն Օհանյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, վիճարկվել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ խոչընդոտման հավանականության առկայության մասով։ Արմեն Օհանյանը մեղադրվում է դատական իշխանության ներկայացուցչին կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, թե դատական իշխանության որ ներկայացուցչի մասին է խոսքը՝ պաշտպանը չի հստակեցնում, նշում է՝ մեղադրանքի որոշման մեջ ևս նման տեղեկություն չկա։ Թե, ըստ քրեական վարույթի, կոնկրետ որ գործով է տրվել ենթադրյալ կաշառքը՝ փաստաբանը չի հստակեցնում։ Թե արդյո՞ք Վարչական դատարանում խուզարկությունների ժամանակ Արմեն Օհանյանը եղել է դատարանում՝ փաստաբանը բացասական պատասխան տվեց, միայն նշում է՝ խոսքը տևական գործընթացի մասին է՝ 2023թ․ սկսած։ Արմեն Օհանյանի նկատմամբ տևական ժամանակ գաղտնի քննչական գործողություններ՝ գաղտնալսումներ են իրականացվել, պաշտպանն այս առնչությամբ շատ փակագծեր չբացեց, միայն վստահեցրեց, որ դրանցով ևս չի հիմնավորվում մեղադրանքը։
«Մեղադրանքն անհիմն է։ Խոչընդոտման հավանականությունն էլ բացակայում է»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։
Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան