Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Թուրքիայով պայթուցիկ նյութեր տեղափոխող երկու ուկրաինացիների

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է երկու ուկրաինացի քաղաքացիների ձերբակալման մասին, որոնց մոտ հայտնաբերվել է 2,4 կգ հզոր պայթուցիկ հեքսոգեն, հաղորդում է Новости-Грузия-ն։
Գերատեսչության տվյալներով՝ պայթուցիկ նյութերը հայտնաբերվել են սեպտեմբերի 10-ին «Սարփի» սահմանային անցակետը հատած ուկրաինական համարանիշներով Mercedes-Benz մակնիշի բեռնատարում։ Նրանց տեղեկություններով՝ թաքստոցներում պահված հեքսոգենն Ուկրաինայից Վրաստան էր տեղափոխվում Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջոցով։
Առաջին ձերբակալվածը բեռնատարի վարորդ ուկրաինացի Մ.Ս.-ն էր։ Երկրորդը՝ ոմն Դ.Ժ.-ն, որը պայթուցիկ նյութերը վերցրել էր արդեն Վրաստանում գտնվող թաքստոցներից։
Խուզարկությունների ընթացքում ձերբակալվածներից առգրավվել է ութ բջջային հեռախոս, համակարգիչ, էլեկտրոնային կրիչներ, մեծ քանակությամբ կանխիկ գումար, տարբեր օպերատորների SIM քարտեր և կոկաին թմրանյութ։
Ձերբակալվածների դեմ հարուցվել են քրեական գործեր՝ Վրաստանի քրեական օրենսգրքի՝ պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և տեղափոխման, ինչպես նաև թմրանյութերի հոդվածներով։
Պետական անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ հետաքննությունը պետք է պարզի պայթուցիկների վերջնական նպատակակետը՝ նրանք ստուգում են Վրաստանի տարածքում ահաբեկչական հարձակման նախապատրաստման կամ երկիրը որպես տարանցիկ ուղի օգտագործելու տարբերակները։
Անցյալ տարվա փետրվարին Պետական անվտանգության ծառայությունից հայտնել են Ուկրաինայից ժամանած մեծ քանակությամբ պայթուցիկ նյութերով բեռի առգրավման հերթական դեպքի մասին։ Այդ ժամանակ պնդում էին, որ նրանք փորձում էին պայթուցիկը տեղափոխել Ռուսաստան։ Կազմակերպիչը Անդրեյ Շարաշիձեն էր, որը 2020 թվականին «Ժողովրդի ծառա» կուսակցությունից առաջադրվել էր Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավորի պաշտոնում։
Հստակ չէ, թե արդյոք այդ ժամանակ որևէ մեկը ձերբակալվել է։ Վրաստանի հատուկ ծառայությունները խոստացել են մանրամասները բացահայտել «մոտ ապագայում», բայց մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։