Գազայում մեկ օրում 70-ից ավելի զոհ է գրանցվել, սովից մահացածների թիվը գերազանցել է 400-ը

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկալվում իսրայելական հարվածներից 72 մարդ է զոհվել, ևս 356-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից և թերսնումից ևս 7 մարդ է մահացել։ Այսպիսով՝ սովի և թերսնման զոհերի թիվն անկլավում հասել է հասել է 411-ի, որոնցից 142-ը երեխաներ են։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտնել է, որ սննդի պակասը Գազայի հատվածում վատթարանում է մտահոգիչ տեմպերով, աննախադեպ թվով երեխաներ տառապում են թերսնումից։
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Գազա քաղաքում ռազմական հարձակման սրման հետ մեկտեղ յուրաքանչյուր հինգերորդ երեխան խիստ թերսնված է», - նշված է հաղորդագրության մեջ։
ՀԱՄԱՍ-ի ռազմական թև համարվող «Ալ-Կասսամ» բրիգադի անդամները հայտնել են, որ «Ալ-Կուդս» բրիգադի անդամների հետ համատեղ պայթեցրել են Արևմտյան ափի Տուլկարմ քաղաքի անցակետի մոտ իսրայելական մեքենայի մեջ գտնվող պայթուցիկ սարքը։ Իսրայելի բանակի ռադիոն հաղորդել է, որ երկու իսրայելցի զինվորներ վիրավորվել են, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Դեպքից հետո իսրայելական ուժերը պաշարել են քաղաքը՝ փակելով նրա հարավային և արևելյան մուտքերը։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 718-ի, վիրավորվել է 163 859 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է 48 պատանդ, որոնցից, ամենայն հավանականությամբ, միայն 20-ն են ողջ մնացել։