Կարեն Ֆարխոյանը կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ ռեպրեսիաների գործը․ բացարկի միջնորդությունը մերժվեց

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ ռեպրեսիաների գործով պաշտպանության կողմը նախագահող Կարեն Ֆարխոյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ բացարկի միջնորդություն ներկայացրել է Վահագն Չախալյանի պաշտպանը՝ հիշեցնելով, որ Չախալյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշումը դատարանը կայացրել է՝ առանց պաշտպանների մասնակցության, ընդ որում, պարզ չէ, թե ինչու է դատարանը որոշել հրատապ քննել Չախալյանի խափանման միջոցի հարցը, եթե դեռ 14 օր ժամանակ կար՝ մինչև կալանքի ժամկետի ավարտը։ Ըստ պաշտպանների՝ դատարանի որոշումը պատժի նպատակ էր հետապնդում։
Լիդիա Մանթաշյանի պաշտպան Տաթև Սողոյանն էլ նկատեց, որ հետագայում դատարանի և մեղադրողների գործողությունները կքննարկվեն ՄԻԵԴ-ում։ Փաստաբանը հիշեցրեց նախադեպային իրավունքը՝ խոսելով սույն դատավարության քաղաքական դրդապատճառների մասին։ Դատարանի շտապողականությամբ կալանքի որոշումներ կայացնելու վերաբերյալ արձանագրեց նաև Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ հիշեցնելով, որ Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետի ավարտին դեռևս տևական ժամանակ կար, իսկ Արթուր Սարգսյանը պնդել էր՝ պաշտպանի ներկայությունն իր խափանման միջոցի քննարկմանը։ Գործի քաղաքականացված մասին խոսեց նաև Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ նկատելով, որ դեռևս քրեական հարուցման պահից առաջ՝ դեռևս ՕՀՄ-ների փուլից գործն ի սկզբանե քաղաքական է եղել։
Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատական նիստն ավարտվեց՝ աշխատանքային օրվա ավաևտով պայմանավորված։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, այնուհետև դրան հետևող յուրաքանչյուր հինգշաբթի:
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր հանդիպման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ոստիկանության ներքին զորքերը գրավել էին մայրաքաղաքը, և մոտ 80 քաղաքացի բերման էր ենթարկվել։ ՔԿ-ն հայտարարել էր, որ նրանք չեն ներկայացվել նախաքննական մարմին, և որևէ վարույթ այդ պահին չէր քննվում։ Հունիսի 24-ին իշխանամերձ լրատվամիջոցներով տարածվեց «հեղաշրջման պլանի» մասին նյութ, որի տարածմանը անմիջականորեն մասնակցեցին Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դրանից հետո ՔԿ-ն հայտարարեց, որ այն դառնում է քննության առարկա, և հունիսի 25-ին առավոտյան սկսվեցին ընդդիմադիրների տների խուզարկությունները՝ հաջորդած ձերբակալություններով և կալանավորումներով։
Իշխանությունների հորինած գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։ Այսպես կոչված «ռեպրեսիաների» գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։ Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաև Արթուր Սարգսյանը։ Հետագայում Հրայր սարկավագի ու Աղվան Արշակյանի խափանման միջոցները փոխվել են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր՝ Փաստինֆո