Ադրբեջանցիները Ռուսաստանը և Հայաստանը համարում են իրենց գլխավոր թշնամիները

Վերջերս ադրբեջանական «Մինվալ Պոլիտիկա» պարբերականը հարցում է անցկացրել՝ խնդրելով հարցվածներին պատասխանել, թե որ երկրներն են նրանք համարում Ադրբեջանի բարեկամներ և որոնք՝ նրա հիմնական հակառակորդներ։
Ստացվել են հետևյալ արդյունքները:
Գլխավոր թշնամիների շարքում հայտնվել են հետևյալ երկրները.
-առաջին տեղում է Ռուսաստանը՝ 63%,
-երկորդ տեղում է Հայաստանը՝ 60%
-երրորդ տեղում է Իրանը՝ 53% և
-չորրորդ տեղում է Ֆրանսիան՝ 41%:
Բարեկամ երկրների շարքը հետևյալ պատկերն ունի.
-առաջին տեղում է Թուրքիան՝ 88%,
-երկրորդ տեղում է Պակիստանը՝ 62%,
-երրորդ տեղում է Իսրայելը՝ 48% և վերջապես
-չորրորդ տեղում է Ուզբեկստանը՝ 35%:
Հետաքրքիր է, որ ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն տարածեցին այս տեղեկատվությունը և տպավորություն էր, թե Ադրբեջանի համար այս տեղեկատվական հոսքը ինչ-որ բանի համար կարևոր էր, որ հրապարակվեր:
Արևմտյան և ռուսական դիտորդները այս տեղեկատվությունը սկսեցին դիտարկել, որպես Ալիևի կողմից սկսված նոր արշավ, որը պիտի ունենա հետագա գործողությունների ծրագիր:
Փորձենք հասկանալ, թե ինչ կարող է դա նշանակել:
Ռուսական շրջանակներն անչափ կոշտ արձագանքեցին այս լուրին, չմոռանալով նշել հետևյալը. մինչ ադրբեջանական լրատվամիջոցները աշխատեցնում են իրենց ատելության մեքենան Մոսկվայի դեմ, Բաքուն շարունակում է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քայլեր ձեռնարկել։ Ըստ ռուս դիտորդների՝ վերջերս պարզվել է, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, Ուկրաինային հանձնել է շահագործումից դուրս եկած ՄիԳ-29-ներ։
Ադրբեջանը կարող էր համաձայնվել ինքնաթիռները փոխանցել Ուկրաինային, քանի որ ցանկանում էր իր կործանիչների պարկը թարմացնել ամերիկյան F-16-ներով, որոնք կարող էր ստանալ, օրինակ, Թուրքիայից:
Բացի այդ, այս լուրի ֆոնին, որոշ ռուս վերլուծաբաններ հեռուն գնացող գնահատականներ են տալիս, մասնավորապես, կարծիք հայտնելով, թե նախկինում, Ադրբեջանի տարածքից նույնպես հարձակումներ են եղել Ռուսաստանի դեմ:
Օրինակ, նշում են նրանք, այս տարվա օգոստոսի 15-ին Կասպից ծովի Աստրախանի մարզի նավահանգստում ռուսական «Օլյա-4» բեռնանավը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Մարզի նահանգապետ Իգոր Բաբուշկինի խոսքով՝ հարձակմանը մասնակցել է 14 անօդաչու թռչող սարք. դրանցից տասը խփվել են ՀՕՊ համակարգերի կողմից, իսկ չորսը հարվածել են նավին, ինչի հետևանքով այն խորտակվել էր։
Ինչպես հայտնի է, այն ժամանակ դրա համար Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ստանձնել էր պատասխանատվությունը, սակայն ռուս փորձագետները չեն բացառում նաև այլ վարկածները:
Հրապարակախոս Սերգեյ Մարդանը հայտարարել է, որ «Օլյա-4»-ի վրա հարձակված անօդաչու թռչող սարքերը, ենթադրաբար, արձակվել են Ադրբեջանից: Իսկ քաղաքագետ Յուրի Բարանչիկը նշել է, որ Ուկրաինայի առաջնագծից մինչև հարձակման վայրը հեռավորությունը գերազանցում է 800 կմ-ը, ինչը մոտ է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի առավելագույն հեռահարությանը, և որ անօդաչու թռչող սարքերի Ադրբեջանից թռիչքի մասին տարբերակը արժանի է ուշադիր ուսումնասիրության:
Այսպիսով, «Օլյա-4»-ի խորտակման շուրջ ստեղծված իրավիճակը սրում է Կասպից ծովի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և հարցեր է առաջացնում Ադրբեջանի՝ Ուկրաինայի կողմից հակամարտությանը ներգրավվածության վերաբերյալ։ Ինչը վերը նշած հարցումների անցկացման և հրապարակման ֆոնին, կարող է է՛լ ավելի խորացնել լարվածությունը ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
Ինչ վերաբերվում է Հայաստանի հանդեպ թշնամական վերաբերմունքին, ապա դա էլ նորություն չէ: Մանավանդ, որ ադրբեջանցիների մեծ մասը չի կարծում, որ Հայաստանի վրա չպիտի հարձակվել:
Հասկանալի է, որ Փաշինյանի կողմից քարոզվող թղթի կտորը իրականության հետ նույնիսկ աղերս չունի և այն իրեն պետք է բացառապես ընտրությունների համար:
Ինչ վերաբերվում է Իրանի և Ֆրանսիայի հանդեպ թշնամական վերաբերմունքին, այստեղ նույնպես ամեն ինչ պարզ է, և կարծում ենք, լրացուցիչ մեկնաբանությանն կարիք չունի:
Պարզ է մեկ բան. եթե Ադրբեջանում համոզվեն, որ Հայաստանը մնացել է առանց ազդեցիկ դաշնակիցների, ապա Հայաստանի վրա հարձակումը կլինի անխուսափելի:
Քանզի երկար տարիների թշնամանքի դադարեցման համար միայն թղթե շերեփներ օգտագործելը գրեթե զրոյական ազդեցություն կունենա, մանավանդ, որ նրանք տեսան, թե ինչպես կարող են լուծել Արցախի հարցը, այն էլ՝ այդչափ կարճ ժամանակահատվածում:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Ծաղրանկար-կոլաժը ռուսական «Ցարգրադ» ինտերնետ-ռեսուրսից է: Դա նույնպես արտացոլում է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա վիճակն ու ընկալումները։
Աղբյուրը՝ Zham.am