Դոհայում պայթյուններ են լսվել. Իսրայելը թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը. AP

Իսրայելը հարված է հասցրել Կատարի մայրաքաղաքին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների։
Ըստ հրապարակման՝ Դոհայի երկնքում սև ծուխ է երևացել, Կատարի իշխանությունները հաստատել են, որ հարված է տեղի ունեցել։
Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը՝ դա անվանելով «իսրայելական վախկոտ հարձակում»։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է «միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում»։
Դոհայի հարվածներից հետո իր առաջին պաշտոնական հայտարարության մեջ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը նպատակ ուներ խափանել հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ բանակցությունները, հաղորդում է Al Jazeera-ն:
Խմբավորումը միաժամանակ հաստատել է, որ մահափորձից հետո իր բարձրաստիճան առաջնորդները ողջ են մնացել, միևնույն ժամանակ վեց այլ անձինք, նրանց թվում՝ խմբավորման Գազայի առաջնորդ Խալիլ ալ-Հայյայի որդին և նրա օգնականներից մեկը, ինչպես նաև կատարցի սպա, սպանվել են: