Մեկնարկել է դասական «ծածկադմփոց» գործողությունը

Հայկ Դեմոյանի գրառումը․
«Մեկնարկել է դասական «ծածկադմփոց» գործողությունը
Նկատելի է դառնում, որ վերջին երկու օրերի ընթացքում բոլոր ուղղություններով ընթանում է Ծիծեռնակաբերդում այլանդակ ու հանցավոր փնթիությամբ իրականացված աշխատանքների ու դրանց հետևանքների պարտակման «Ծածկադմփոց» պլանային գործողությունը: Մոբիլիզացվել են բոլոր ուժերը: Աշխատանքներ են տարվում քննադատողներին «ճիշտ ուղու» վրա բերելու համար:
Ժանրի կանոնների համաձայն, ոչ մեկ մեղավոր չի ստեղծված իրավիճակի համար, ամեն ինչ վերահսկելի է ու մեղավորներ պետք չի փնտրել: Գլխավոր ու հիմնական հակափաստարկը սա է. հարցն անհարկի քաղաքականացվում է, իսկ դա խանգարում է աշխատանքներին, հետևաբար անընդունելի է:
Իշխանություններն ու նրանց սպասարկողները բացի կույր ու անմեղսունակ երևալուց, այլ հակափաստարկներ չունեն:
Ուշադիր կարդացեք իմ ու մյուս քաղաքացիների մեղադրանքները:
ա. ասում ենք շինարարական ընկերությունը չի ունեցել համապատասխան լիցենզավորում և փորձ՝ հուշարձաններ հիմնավերանորոգելու համար: Ճիշտ հակառակը, ներգրավված շինարարական ընկերության կողմից իրականացված շատ աշխատանքների որակը վիճելի ու խնդրահարույց են:
բ. հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան վերահսկողության, որի արդյունքում հուշարձանին հասցվել է զգալի վնաս, որոշ դեպքերում անվերականգնելի: Այն նույնիսկ վերականգնվելու դեպքում դիտվելու է որպես թերի և ոչ ամբողջական, քանի որ հնարավոր չէ վերականգնել իր նախնական տեսքով ու բնօրինակ հատվածներով:
գ. տարվող աշխատանքներին ներգրավվել են աշխատանքնային միգրանտներից բաղկացած ոչ որակյալ աշխատուժ, որոնք հաղորդակցության խնդիրներ ունեն և չեն տիրապետում որևէ լեզվի:
դ. հանցավոր փնթիության արդյունքում իրականացված ապամոնտաժման ու քանդման աշխատանքների ժամանակ լուրջ վնաս են կրել հուշարձանի այն մասերը, որոնք ապամոնտաժման ենթակա չեն եղել, մասնավորապես՝ բազալտե աստիճանները:
ե. աշխատանքների իրականացման ընթացքում կիրառվել են գործիքներ, որոնց օգտագործումը հուշարձան վերականգնելու ժամանակ անընդունելի է:
զ. գոյություն ունի աշխատանքների իրկանացման ծավալի ու ֆինանսական հատկացումների չափի անհամապատասխանելիություն, որի հիման վրա կարող ենք մտավախություն հայտնել, որ այստեղ առկա են նաև լրջագույն կոռուպցիոն ռիսկեր:
Է. հանցավոր անփութություն է թույլ տրվել քանդման աշխատանքների մեկնարկից հետո, ԿԳՄՍ-ի ու Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից չի իրականացվել համապատասխան վերահսկողություն, չի ահազանգվել անընդունելի եղանակներով տարվող ապամոնտաժման աշխատանքների մասին: Փոխարենը ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանն ու նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ամեն կերպ փորձել են ապատեղեկատվություն տարածելով թաքցնել հուշարձանին հասցված վնասի չափերն ու հետևանքները:
Ասացեք խնդրեմ, այս հիմնավորումներում, որտե՞ղ կա քաղաքական համատեքստ ու քաղաքականացում:
Հարցին պատասխանում է հարկատուների գումարներից աշխատավարձ ստացող հեռուստահաղորդավար, ԿԳՄՍ նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանը՝ շահերի բախման ու կոռուպցիայի մեջ չմեղադրվելու համար»: