Կովբոյական

Կարոտել էի Երեւանը եւ… սրտիկ: Սփյուռքահա՜յ ես, ի՜նչ ես, որ կարոտել էիր Երեւանը: Թիֆլիս տեղ հայտնված Գիքորի պես՝ բերանդ բաց, Տոկիոյում աղբամաններ էիր փնտրում, ծխող մարդ… Ու մեկ էլ Երեւանը կարոտեցի՞ր: Դու այդ ի՞նչ ես թողել Երեւանում, որ մի հատ էլ կարոտում ես: Փոշու ամպե՞րն էիր կարոտել, կեղտոտ փողոցնե՞րը, սպանդի ենթարկվող կանաչ տարածքնե՞րը, ՔՊ-ի գրասենյա՞կն էիր կարոտել, վարչապետի աթո՞ռը: Երեւի տխրել էիր, հա՞, մի քանի օր Երեւանի ու երեւանցիների բողոքը չլսելուց… Բայց ի՜նչ աներես ստախոս ես… Չինաստանի քաղաքներում ու Տոկիոյում քեզ համար ճանապարհները չէին փակում, չէ՞: Դե ասա՝ կորտեժիդ որոտընդոստ արշավանքներն էիր կարոտել… Աջ քաշի՝ կանգնի, արա, կանգնի, ասում եմ…Ու, ու, ու… Սա՞ էիր կարոտել:
Հապա ամենայն ազնվությամբ խոստովանիր՝ Ճապոնիայի վարչապետն ի՞նչ ասաց քո ականջին, երբ հանդիպեցիք: Չասա՞ց, որ որոշել է քեզ ճանապարհ դնելուց հետո հրաժարական տալ: Իսկ երբ դու զարմացած հարցրիր՝ ինչո՞ւ, չխոստովանե՞ց, որ չի կատարել ճապոնացիներին տված խոստումները: Երեւի հենց այդպես էլ եղել է, եւ դու միանգամից կարոտել ես Երեւանը, երեւանցիներին… Դու ենոքավանցիներին էլ կարոտած կլինեիր: Կարոտելու է, բա ի՞նչ… 8 տարի ոչ մի խոստում չես կատարել, ամեն ինչ տվիր թուրքին, ու հայերը դեռ քեզ հանդուրժում են: Ճապոնացիները հաստատ չէին հանդուրժի այդպիսի վարչապետի:
Լավ, էս սաղ հեչ… Իսկ այդ կովբոյի շորե՞րը որտեղից էիր առել: Կովբոյը խորն է նստած մեջդ, այո՞: Բա ի՞նչ ասեմ, ՀՀ վարչապետն ամերիկացի կովբոյների է կապկում: Մի փետուր էլ խրեիր ցիլոյիդ մեջ՝ կդառնայիր հնդկացի… Չշփոթես, ոչ թե հնդիկ, այլ՝ հնդկացի, սրանք տարբեր բաներ են: Չաղացել ես՝ ասեմ: Քամակդ ու փորդ իրարից չեն տարբերվում: Քայլվածքդ էլ էր փոխվել: Մեկ էլ անվերջ ձի քշող կովբոյներն են ոտքերն իրարից հեռու գցում: Ու գիտե՞ս այդ ամենից ինչ էր ստացվել… Երեւանյան կինտո, այսինքն՝ լոթի: Չէի ասի «քյառթու», որովհետեւ նորաձեւ էր ամեն ինչ, իսկը՝ 21-րդ դարի Չինգաչգուկ՝ հնդկացիների քաջարի ասպետ, մոհիկան… Բայց հո գիտեի՞նք, որ հագուստի միջինը մեր Քաջ Նազարն է ու դուրս է եկել իրեն ցույց տալու:
Լավ, շատ էլ չքննադատենք հագուկապը, որովհետեւ երեւույթն ավելի հատկանշական էր: ՖԲ օգտատերերից մեկը գրել էր՝ գոնե Շահ Աբասի պես ծպտվեիր՝ ճանաչող չլիներ: Ճիշտ էր ասում օգտատերը: Ախրանադ չորսբոլորդ հավաքած՝ ֆռֆռում ես, խանութներ մտնում, թուքդ կուլ տալիս մրգերի բազմազանությունից, ու մի խնձոր հյուրասիրող էլ չեղավ: Չեմ հասկանում՝ էդ կինոն ռեժիսոր չունե՞ր, որ պատկերեր, թե երեւանցիներն էլ իրենց հերթին ինչքան են կարոտել քեզ, հուշեր, որ դեմքիդ ավելի պարզ արտահայտություն տայիր: Բա Երեւանին կարոտած մարդը չուգունի դեմքով կշրջի՞ փողոցում, մարդկանց այդքան սառը կբարեւի՞: Մեկ էլ տեսանք՝ Սիմիդյանի հետ սուրճ ես խմում: Սիմիդի՞ն էիր կարոտել… Ասենք՝ ի՞նչ կա որ, չէ՞ որ մնացած ՔՊ-շնիկներն առավոտ ծեգին հեծանիվ էին քշել քեզ հետ:
Հիշում եմ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելում էր խանութներ, առաջինը գներն էր ստուգում:
Թանկացումներից զարմանում էր, զայրանում, կարգադրում գներն արհեստականորեն օդ չթռցնել: Սա՝ չէ: Եկավ, շախմատի ձիու պես կանգնեց ցուցափեղկերի մոտ, մի քանի կադր նկարվեց ու գնաց Սիմիդյանի հետ կոֆե խմելու: Ամենաբազմամարդ տեսարանն էլ կովբոյի ու մի հայ կնոջ ակնթարթային հանդիպումն էր, որ շատ կտրուկ ավարտ ունեցավ: Ի՞նչ ասաց խեղճ կինը, որ սա կնոջ ձեռքն արագ բաց թողեց ու թիկունքը դարձնելով նրան՝ գնաց…
Փաշինյանի կատարմամբ նման «ռիլսերը», սովորաբար, քաղաքական մեսիջ են պարունակում իրենց մեջ: Այս դեպքում հասցեատերը դարձյալ ՔՊ թիմն էր․ տեսեք-տեսեք՝ ինչքան հանգիստ եմ ու ինչպես եմ տիրապետում իրավիճակին: Կարող եմ այսպես հանգիստ պտտվել Երեւանում եւ սուրճ խմել առաջին պատահած սրճարանում՝ առաջին պատահած Սիմիդյանի հետ: Կովբոյը շատ լավ գիտի, թե ինչ սթրեսներ է տարել թիմն իր բացակայության օրերին: Չինաստանում, ախր, այնպիսի կտրուկ քաղաքական շրջադարձեր տեղի ունեցան… ՔՊ-ն սպիտակ ծեփ էր դարձել, կպել պատին, չգիտեին ինչպես բացատրել Պուտինի հետ իրենց շեֆի հանկարծահաս «բարեկամությունն» ու Ծին Փինի հետ ռազմավարական դաշնագիրը: Դեռ երեկ Էրդողան ու Ալիեւ էր մեծարում, Թրամփի կամուրջ էր կառուցում… Ամեն ինչ գնաց գրողի ծոցը, ամեն ինչ: Ու մեկ էլ՝ գյադե՛ք, տեսնո՞ւմ եք՝ ես ինչքան հանգիստ եմ, ցիլոս ո՞նց էր… Էժան չկարծեք, Տոկիոյից եմ առել: ՔՊ-ին տված «ճապոնական կուտը», ինչպեսեւ սպասվում էր, աշխատեց: Մի քիչ էլ խոսնակ Նազոն աղուբիբար ավելացրեց, եւ ամեն ինչ տեղն ընկավ: Թե բա՝ ՀՀ վարչապետի օդանավը Ադրբեջանի օդային սահմանով է մեկնել արտերկրյա այցի: Սսկված ՔՊ-ն նորից սկսեց վերամբարձ տժժալ՝ չնկատելով, անգամ, որ օդանավը, սովորաբար, արտերկրյա այցեր չի կատարում, իսկ Երեւանից Ադրբեջանի օդային տարածք մտնելուց առաջ էլ Արցախի օդային տարածքով է անցնում:
Էդիկ Անդրեասյան
«Հրապարակ օրաթերթ»