ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Հռոմի պապն արձագանքել են Կատարի մայրաքաղաքի վրա Իսրայելի հարվածներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածները, դրանք «Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում» որակելով:
Նա նշել է, որ Կատարը բավական դրական դեր է խաղում Գազայում հրադադարի հասնելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակման ջանքերում։
«Բոլոր կողմերը պետք է աշխատեն մշտական հրադադարի հասնելու, այլ ոչ թե այն ոչնչացնելու ուղղությամբ»,- ըստ ANSA գործակալության՝ լրագրողներին ասել է Գուտերեշը։ Իր հերթին, Հռոմի Լևոն XIV պապը մտահոգություն է հայտնել Կատարի վրա Իսրայելի հարվածների հետևանքների առնչությամբ։
«Այժմ իսկապես լուրջ նորություններ կան. Իսրայելի հարձակումը Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից ոմանց վրա։ Ամբողջ իրավիճակը շատ լուրջ է»,- ամառային նստավայր Կաստել Գանդոլֆոյի դիմաց հայտարարել է Հռոմի պապը։