Մակրոնը սրընթաց դառնում է ֆրանսիական «փաշինյան», իսկ այդ երկիրը կարող է հայտնվել համընդհանուր քաոսի մեջ

Մեկ շաբաթ առաջ կանխատեսել էինք, որ Մակրոնի կառավարությունը կարող է անվստահության արժանանալ ԱԺ-ում, և երկրում սկսվեր նոր ճգնաժամ:
Երեկ, սեպտեմբերի 8-ին, հենց այդպես էլ եղավ: Ֆրանսիայի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին անվստահություն հայտնեց վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությանը։
Ընդ որում, կառավարությանն անվստահություն հայտնելուն «կողմ» քվեարկեցին, և՛ ձախերը, և՛ աջերը միաժամանակ:
Ֆրանսիական Le Figaro թերթի դիպուկ բնորոշմամբ՝ Էմանուել Մակրոնը բախվում է հիասթափության, անհամբերության և գրգռվածության այնպիսի աստիճանի, որը հասնում է մտահոգիչ չափերի։
Այս ճգնաժամի հիմքում տնտեսությունն է։ Ֆրանսիայի պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 110 %-ը, իսկ 2025 թվականի բյուջեի դեֆիցիտը կազմում է մոտ 47 միլիարդ եվրո։ Ամառային արձակուրդներից առաջ Բայրուն առաջարկել էր պետական ծախսերի ամենամեծ կրճատումները ևդա պիտի տեղի ունենա մի երկրում, որտեղ ծախսերը կազմում են ՀՆԱ-ի գրեթե 60%-ը:
Ըստ ֆրանսիացի դիտորդների՝ ճգնաժամը կարող է այն աստիճանի հասնել, որ երկիրը հայտնվի 2008-ի հունական ճգնաժամի վիճակում:
Մանավանդ, որ արտասահմանյան ներդրողները տարեց տարի կրճատում են իրենց ներդրումները ֆրանսիական տնտեսության մեջ:
Այս իրավիճակից դուրս գալու համար աջերն ու ձախերը ունեն տարբեր լուծումներ: Սակայն երկու կողմն էլ համոզված են, որ առանց Մակրոնի հրաժարականի, Ֆրանսիայում հնարավոր չի լինի վերականգնել վստահության մթնոլորտը բնակչության և ներդրողների մոտ:
Ֆրանսիայի աջերը կողմ են,որ երկրում անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ համոզված են, որ այնտեղ աջերը կարող են ստանալ պարզ մեծամասնություն:
Ձախերը ավելի ռադիկալ լուծման կողմնակից են, նրանք պահանջում են անցկացնել, ոչ թե արտահերթ խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ, որպեսզի հնարավոր լինի միանգամից հեռացնել Մակրոնին իշխանությունից: Ձախերի հաշվարկը հիմնված է այն գործոնի վրա, որ աջերի լիդեր Մարի Լը Պենը չի կարողանա մասնակցել այդ ընտրություններին, քանի որ կա դատարանի որոշում,և արդյունքում հաջողությունը կլինի ձախերի առաջնորդ՝ Մելանշոնինը:
Մակրոնը այս բոլոր հաշվարկները գիտի, գիտի նաև, որ իր վարկանիշը տատանվում է 15 տոկոսի տիրույթում: Այսինքն, Մակրոնի այսօրվա վարկանիշը հավասար է Հայաստանում Փաշինյանի վարկանիշին:
Իսկ դա նշանակում է, որ նրանց իշխանությունից հեռանալու հարցը դարձել է ընդամենը ժամանակի խնդիր:
Նույնիսկ ֆրանսիական LeFigaro-ն նշում է, որ «...երբ խոսում է Մակրոնը, Ֆրանսիացիները դադարեցնում են իր ձայնը միացնել, որ լսեն...»:
Ըստ պարբերականի, նա այլևս չի կարող իրեն թույլ տալ հետաձգել կամ նույն խաղը կրկնել՝ մի փոքր ձախ, կամ աջ շեղվելով։ Բոլոր գործոնները՝ հասարակական կարծիքը, շուկաները, հուշում են մեկ բանի մասին, նրա ժամանակն արդեն եկել է՝իշխանությունից հեռանալու համար:
Սակայն, ամերիկյան Bloomberg-ի գնահատմամբ, Մակրոնը կփորձի դիմադրել մինչև վերջ:
Ըստ պարբերականի, Մակրոնն ունի ընտրության շատ տարբերակներ:
Օրինակ, ներկայիս պաշտպանության նախարար՝ 39-ամյա Սեբաստիան Լեկորնուն, համապատասխանում է այդ նկարագրությանը, 42-ամյա Ժերալ Դարմանենը նույնպես կարող է ապացուցել իրեն։ Ինչպես Լեկորնյուն, նա նույնպես աջ կենտրոնամետ է և երկար պատմություն ունի Մակրոնին ծառայելու տարբեր նախարարական պաշտոններում։ Աշխատանքի նախարար Կատրին Վոտրենը նմանատիպ քաղաքական անցյալ ունի։
Մեկ այլ տարբերակ է 78-ամյա Ժան-Իվ Լե Դրիանը, որը ծառայել է և՛ Օլանդի, և՛ Մակրոնի կառավարություններում, կամ Ազգային աուդիտի դատարանի ներկայիս ղեկավար, 67-ամյա Պիեռ Մոսկովիսին։
Ֆրանսիական լրատվամիջոցները նաև գովաբանում են 67-ամյա ֆինանսների նախարար Էրիկ Լոմբարդին, ով կարևոր դեր խաղաց սոցիալիստների հետ կապ հաստատելու գործում՝ 2025 թվականի բյուջեն ապահովելու համար։
Եթե զուտ քաղաքական թեկնածուները ձախողվեն, ապա Մակրոնը կարող է փորձել գտնել տեխնոկրատ թեկնածուի: Մինչև Բարնիեի նշանակումը անցյալ տարվա սեպտեմբերին, ֆրանսիական լրատվամիջոցները ենթադրություններ էին անում Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորհրդի քիչ հայտնի ղեկավար Թիերի Բոդեի մասին:
Սակայն նույնիսկ այս ամերիկյան պարբերականն է խոստովանում, որ ով էլ որ ստանձնի վարչապետի պաշտոնը, ի վերջո նրան կհեռացնի խորհրդարանը, այն նույն պատճառով, ինչի համար անվստահություն հայտնեց Բայրուին:
Մանավանդ, որ վաղվանից ողջ Ֆրանսիայով սկսվելու են բողոքի գործողություններ ընդդեմ Մակրոնի և նրա վարած քաղաքականության:
Իսկ Ժան-Լյուկ Մելանշոնի «Անպարտ Ֆրանսիա» (LFI) կուսակցությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ին Մակրոնին իշխանությունից հեռացնելու գործողություններ է սկսելու, քանի որ այս քաղաքական ճգնաժամից այլ ելք չի մնացել:
Մակրոնի և Փաշինյանի տարբերությունը նրանում է, որ, ի տարբերություն Մակրոնի, Փաշինյանը ներկայիս ԱԺ-ում ունի կայուն մեծամասնություն և իրեն հնարավոր կլինի հեռացնել իշխանությունից բացառապես արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am