ՀՀ նախագահը նսեմացնում է Սփյուռքի աջակցությունը Հայաստանին. Հարութ Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կողմից Հայաստանի և Սփյուռքի միջև գրեթե բոլոր կամուրջներն այրելուց հետո, այժմ նախագահ Վահագն Խաչատուրյանն է վնասը դարձնում ամբողջական։
Մայիսի վերջին, կառավարության «Երևանյան երկխոսություն» ֆորումին մասնակցող արտասահմանյան լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Խաչատուրյանը նսեմացնող հայտարարություններ է արել Սփյուռքի մասին: Արգենտինայի «Պերֆիլ» օրաթերթի միջազգային խմբագիր Սանտյագո Ա. Ֆարելը հրապարակել է նախագահի մեկնաբանությունները 2025 թվականի հունիսի 22-ին.
«Հայաստանի Հանրապետությունը ձգտում է ճանաչում ձեռք բերել Լատինական Ամերիկայում՝ համոզված լինելով, որ, չնայած որոշ երկրներում առկա նշանակալի [հայկական] համայնքներին, տարածաշրջանում չեն ըմբռնել նրա դիրքորոշումները Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության և հարևան Ադրբեջանի հետ դարավոր հակամարտության հարցերում։ Հնարավոր է, որ [Հայաստանի կառավարության] սխալը եղել է այն, որ դիվանագիտական հարաբերությունների կառավարումը, հատկապես այն երկրներում, որտեղ հայկական ներկայությունը զգալի է [Արգենտինա և Ուրուգվայ], վստահվել է Սփյուռքին։
«Թուրքիան և Ադրբեջանը գնացել են այլ ճանապարհով, հակառակը՝ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ և ձեռք բերելով ներկայություն Լատինական Ամերիկայի երկրներում: Մենք զգում ենք, որ չենք ստանում Լատինական Ամերիկայի երկրների աջակցությունը բազմաթիվ միջազգային հարթակներում: Խնդիրն այն էր, որ մենք չափազանց մեծ ուշադրություն ենք դարձրել այն երկրներին, որտեղ կան հայկական համայնքներ, և քիչ ուշադրություն այն երկրներին, որտեղ այդպիսիք չկան:
«Թուրքիան և Ադրբեջանը շատ լավ ներկայացված են [Լատինական Ամերիկայում], ուստի հնարավորություն ունեն իրենց տեսակետները հայտնելու Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ»։
Ահա Խաչատուրյանի սխալները.
1) Նա սխալմամբ պնդում է, թե Հայաստանի՝ Հայոց ցեղասպանության և Ադրբեջանի հետ հակամարտության վերաբերյալ դիրքորոշումներն են պատճառը, որ Հայաստանը վատ հարաբերություններ ունի Հարավային Ամերիկայի երկրների հետ։ Իրականում, մի շարք հարավամերիկյան երկրներ պահպանում են ամուր կապեր Հայաստանի հետ՝ շնորհիվ իրենց տեղական հայկական համայնքների։ Ոչ մեկը չի շրջվել Հայաստանից, և շատերը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, սխալ է Ադրբեջանի հետ հակամարտությունը բնութագրել որպես «դարավոր», քանի որ այդ երկիրը գոյություն ունի ընդամենը մեկ դարից մի քիչ ավելի։
2) Նա սխալմամբ Հայաստանի կապերը Սփյուռքի հետ դիտարկում է որպես բեռ, այլ ոչ թե արժեքավոր ռեսուրս։ Աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնց վիճակված է ունենալ ազդեցիկ սփյուռքներ, ակտիվորեն օգտագործում են դրանք՝ դիվանագիտական դռներ բացելու և բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու համար պետական պաշտոնյաների հետ։
3) Եթե Հայաստանի որոշ դեսպաններ չափազանց անկարող են իրենց դիվանագիտական պարտականությունները կատարելու համար, դրա մեղավորը տեղական հայկական համայնքները չեն, այլ Հայաստանի ղեկավարները, որոնք հաճախ նշանակում են իրենց անփորձ ընկերներին կամ քաղաքական աջակիցներին կարևոր դիվանագիտական պաշտոնների։ Այն փոքրաթիվ հաջողությունները, որ երբեմն ունենում են Հայաստանի որոշ դեսպաններ, հիմնականում պայմանավորված են տեղի հայ համայնքների ստեղծած կապերով։
4) Մի շարք երկրներում հայկական համայնքներն են հիմնական պատճառը, որ կառավարությունները պահպանում են բարեկամական հարաբերություններ Երևանի հետ։ Առանց նրանց ակտիվության և լոբբինստական աշխատանքների, բազմաթիվ օտարերկրյա մայրաքաղաքներ չէին ունենա ո՛չ խթան, ո՛չ էլ իրազեկվածություն աջակցելու Հայաստանին։ Միացյալ Նահանգների, Կանադայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Միացյալ Թագավորության, Հունաստանի, Լիբանանի, Իրանի, Ռուսաստանի և Ավստրալիայի հայկական համայնքները խրախուսել են իրենց երկրների կառավարությունների դրական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
5) Թեև ճիշտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հարավային Ամերիկայում ունեն ավելի շատ դեսպանատներ, քան Հայաստանը, սակայն տեղի հայկական համայնքների ազդեցությունը զգալիորեն գերազանցում է Անկարայի կամ Բաքվի դեսպանների ազդեցությանը, քանի որ վերջիններս չունեն նման համայնքային աջակցություն։
2011 թվականին, երբ Խաչատուրյան այցելեց Թուրքիայի Ադանա քաղաք, նա մեծ աղմուկ բարձրացրեց՝ հայտարարելով. «Մենք պատրաստ ենք Թուրքիայից ներողություն խնդրել տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի բախումների համար, մասնավորապես՝ ԱՍԱԼԱ-ի պատճառով։ Հայաստանի անունից մենք հայցում ենք Թուրքիայի ներողամտությունը»։ Հայաստանի Հանրապետությունը որևէ պատճառ չունի ներողություն խնդրելու ԱՍԱԼԱ-ի գործողությունների համար, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անկախությունից առաջ։
Խաչատուրյանի՝ Սփյուռքի նկատմամբ արտահայտած անարգանքը համահունչ է վարչապետ Փաշինյանի՝ 2025 թ. հունիսի 20-ին Ստամբուլում արված վիճահարույց կարծիքին, երբ նա արժեզրկեց իր իսկ 2019 թ. հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և Վերջ», պնդելով. «Ես այդ բառերը օգտագործեցի 2019 թվականին, քանի որ հայրենասեր էի։ Ես պատասխանատու էի բոլոր հայերի համար։ Ինձ ասում էին, որ ես բոլոր հայերի վարչապետն եմ։ Հայրենասիրության այդ ընկալումն է բերել բոլոր աղետներին»։ Նա շարունակեց. «Մենք չենք այն հայրենասիրության հեղինակը, որը կրում ենք մեր գլխում»։ Նա ասաց. «Վարչապետը պատասխանատու չէ բոլոր հայերի համար։ Իմ վրա հույս մի՛ դրեք։ Դուք ձեր խնդիրները լուծեք ձեր համայնքներում»։ Նման հռետորաբանությունը շարունակությունն է նրա՝ Արարատ լեռան, պետական օրհներգի և զինանշանի, Հայ Առաքելական Եկեղեցու, Հայաստանի անցյալի և Արցախի նկատմամբ նախկինում հնչեցրած հրապարակային դատապարտումների։
Ավելին, Փաշինյանի կողմից սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակված Զարեհ Սինանյանը համակարգված կերպով քայքայեց Հայաստանի հարաբերությունները Սփյուռքի հետ՝ դրանք ամրապնդելու փոխարեն։
Հայաստանի պաշտոնյաները պարտավոր են զարգացնել Սփյուռքի հետ դրական և արդյունավետ կապեր․ հրավիրել նրանց՝ այցելելու, ներդրումներ կատարելու և վերաբնակվելու Հայաստանում, օգտվել նրանց փորձից և ողջունել նրանց ներդրումը պետականաշինության գործում: Սփյուռքը մնում է Հայաստանի ամենամեծ ռազմավարական հարստություններից մեկը և արժանի է ընդունվելու սիրով և ջերմությամբ, այլ ոչ թե նսեմացվելու:
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի