Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիային

Իսրայելը մի շարք օդային հարվածներ է հասցրել Սիրիայում, Հոմսի, Լաթակիայի և Պալմիրայի մերձակա տարածքներում, ինչն առաջացրել է Դամասկոսի կտրուկ արձագանքը և տարածաշրջանային նոր լարվածություն: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Իսրայելը շարունակում է ակտիվ գործողություններ կատարել Սիրիայում։ Սեպտեմբերի 8-ի լույս երկուշաբթի գիշերը, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Հոմսի, Լաթակիայի և Պալմիրայի մերձակա տարածքներին։
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը կտրուկ դատապարտել է հարձակումները՝ դրանք անվանելով «ինքնիշխանության կոպիտ խախտում» և սպառնալիք ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ այս հարվածները դիտարկվում են որպես Իսրայելի կողմից վերջին ամիսներին իրականացվող էսկալացիոն գործողությունների շարունակություն։
Միաժամանակ, սիրիական լրատվամիջոցները տեղեկություններ չեն հայտնել ավիահարվածների հետևանքով ավերածությունների կամ զոհերի թվի մասին։ Իսրայելի կողմից նույնպես դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։
Դեռևս հուլիսի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ հարձակվել էր Դամասկոսում գտնվող օբյեկտների վրա։ Հարվածներ էին հասցվել Գլխավոր շտաբի, նախագահական պալատի և Սիրիայի պաշտպանության նախարարության շենքերին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այն ժամանակ հայտարարել էր, որ գործողություններն ուղղված են Սիրիայի ղեկավարությանը «ցավոտ հարվածներ» հասցնելուն։
Նա նաև Սիրիայի նոր ղեկավարներին բնութագրել է որպես «քողարկված ջիհադիստներ» և ընդգծել, որ Իսրայելը թույլ չի տա, որ մարտական ուժերը տեղափոխվեն երկրի հարավ։ Կացի խոսքերով՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրուզական համայնքի պաշտպանությանը, որը հարձակումների վտանգի տակ է։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մի քանի օր տևած բախումներից հետո սիրիացի պաշտոնյաները, դրուզական փոքրամասնության առաջնորդների հետ միասին, պայմանավորվել են վերսկսել զինադադարը։ Այս քայլը դիտարկվել է որպես իրավիճակը կայունացնելու փորձ՝ իսրայելական մի շարք հարվածներից և ներսիրիական բախումներից հետո։
NEWS.am