Ինչո՞ւ է Թուրքիան համաձայնել Սերդար Քըլըչին ուղարկել Հայաստան

Հայաստանում նախատեսվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն:

Թուրքական NTV-ն էլ տեղեկացրել է, որ հանդիպումը նախատեսված է շաբաթվա սկզբին։ Ըստ լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների, Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը, ենթադրաբար, Հայաստան կժամանի «Ալիջանի» սահմանային անցակետով: «Հանդիպումը կարող է ներառել Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները կարգավորելու որոշումների կայացում և նախկինում համաձայնեցված որոշումների իրականացում»,- նշում է լրատվամիջոցը։

Հայ և թուրք բանագնացները դեռ 2022-ի հուլիսին Վիեննայում՝ չորրորդ հանդիպման ժամանակ, պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն այդ պայմանավորվածություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին, ավելին՝ մինչ օրս էլ պարզ չէ, թե երբ իրականություն կդառնա այդ պայմանավորվածությունը։ Հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 11-13-ն Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի շրջանակում։

Սակայն հայկական կողմը երկու անգամ արդեն օգտագործել է սահմանն իր նախաձեռնությունների համար։ Առաջին անգամ կամուրջը բացվել է 2023-ի փետրվարին, երբ Երևանը մարդասիրական օգնություն ուղարկեց Թուրքիա աղետալի երկրաշարժից տուժածների համար։ Երկրորդ անգամ կամուրջը 10 օրով բացվեց մարտ ամսին՝ մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու համար։

Ի տարբերություն Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև հանդիպումների հազվադեպությանը, Փաշինյան-Էրդողան շփումները վերջին ժամանակահատվածում և հատկապես այս տարի էականորեն ակտիվացել են։ Այս ինտենսիվ շփումների հիմքը, կարելի է ասել, դրվեց 2024 թվականի սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, երբ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում Էրդողանի հետ հանդիպման համար այցելեց «Թուրքիայի տուն»։

Հենց այդ հանդիպման ժամանակ էր Էրդողանը Փաշինյանին նվիրել իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը, որը Փաշինյանը, դատելով տարածված և մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարներից, ժպիտով սեղմել էր կրծքին։ Մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը շփում էր ունեցել Էրդողանի հետ, հունիսի 5-ին կայացել էր Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց, դրան հաջորդել էր հունիսի 20-ին նրա աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ հանդիպել էր Թուքիայի նախագահին, օգոստոսի 11-ին կայացել էր Փաշինյան-Էրդողան հերթական հեռախոսազրույցը, որի ընթացքում Փաշինյանն Էրդողանին ներկայացրել էր օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Թրամփի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։

Սեպտեմբերի 1-ին էլ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հանդիպումը։

«Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով»,- ասված էր հայկական կողմի տարածած հաղորդագրությունում։

ՇՀԿ-ից Թուրքիա վերադարձի ճանապարհին ԶԼՄ-ների հետ ավանդական զրույցում Էրդողանն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կնպաստի սահմանային անցակետերի բացմանը և նոր ճանապարհների ու երկաթուղիների գործարկմանը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը:

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կհասնի այն խաղաղությանը, որին ձգտում է: Սպիտակ տան ստորագրությունները, անկասկած, արագացրին Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ մասամբ հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել վերջնափուլին»,- ասել է Ռեջեփ Էրդողանը:

Նրա համոզմամբ՝ տարածաշրջանային երկրները նույնպես կշահեն համագործակցության նոր հնարավորություններից։ Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանը և Իրանը ապագայում նույնպես կհասկանան, որ իրենց մտահոգություններն անտեղի էին:

Ռուս վերլուծաբան, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168․am-ի հետ զրույցում վստահությամբ նշեց, որ սպասվող հանդիպումից մեծ առաջընթաց սպասել պետք չէ։

Ըստ նրա, Թուրքիային ու Ադրբեջանին ընդառաջ՝ Հայաստանի մի շարք առանցքային քայլերից հետո Թուրքիան պարզապես խորհրդանշական ժեստ է անում և համաձայնում հանդիպման ՀՀ տարածքում, որը ստեղծում է գործընթացի և Թուրքիայի քաղաքական կամքի իմիտացիա։

«Քիչ հավանական եմ համարում, սակայն գուցե նախկին պայմանավորվածությունների իրագործման հարցում նոր խոստումներ տրվեն, և դա ներկայացվի առաջընթաց։ Իսկ իրականում առաջընթաց կլիներ, եթե սահմանը պարզապես բացվեր՝ առանց նման երկար-բարակ, չավարտվող նախապայմանների։ Հատուկ ներկայացուցիչների մակարդակով հայ-թուրքական հարաբերություններում ոչինչ չի որոշվում, Փաշինյան-Էրդողան ինտենսիվ հաղորդակցությունը և փոխըմբռնումը, կարծում եմ, հաստատված է, դա է գլխավորը:

Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները ծանոթ են Թուրքիայի դիրքորոշմանը և դրանում խնդիր չեն տեսնում, եթե նման շփումներ են սկսում ծավալել։ Իսկ մինչև ՀՀ սահմանադրական փոփոխությունները ոչ Խաղաղության համաձայնագիր կստորագրվի, ոչ էլ, ըստ իս, սահման կբացվի, թեև սահմանի հարցը առավելապես վերաբերում է ապաշրջափակման հարցին։ Եթե Երևանին ու Բաքվին հաջողվի, ԱՄՆ պայմանավորվածությունների համաձայն, ճանապարհների հարցում պայմանավորվածություններ ձեռք բերել, ապա Թրամփի ճանապարհի շահագործումը տրամաբանորեն պետք է ճանապարհ հարթի սահմանների բացման համար, սակայն առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դա տեղի ունենալ չի կարող։ Իսկ հայ-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատում նախատեսվում է համաձայնագրով»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Ըստ նրա, Ադրբեջանը ձգտելու է, որպեսզի Թուրքիայի ու Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները ևս վերականգնվեն՝ Ադրբեջան-Հայաստան գործընթացին զուգահեռ։

«Սա թույլ է տալիս ենթադրել, որ սահմանները կբացվեն միայն համաձայնագրի ստորագրումից հետո։ Այլ նոր դիրքորոշումներ կարծես թե չկան»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է Էրդողանի վերջին անդրադարձին ռեգիոնին, որում նա ընդգծել էր Իրանի ու Ռուսաստանի մտահոգությունների մասին, վերլուծաբանն ասաց, որ այդ մտահոգությունները երևի թե քննարկվել են նաև Պուտին-Էրդողան վերջին շփումների ժամանակ Պեկինում։ «Թուրքիան վերջին տարիներին, հաշվի առնելով Ռուսաստանի ու Իրանի շուրջ ստեղծված բարդ իրողությունները, ավելացրել է իր ազդեցությունը ռեգիոնում, սակայն անտեսել Իրանի ու ՌԴ-ի դիրքորոշումները հնարավոր չէ։ Էրդողանի այդ անդրադարձը հենց դրա ցուցիչն է, ինչը նշանակում է, որ չնայած Վաշինգտոնում Երևան-Բաքու պայմանավորվածություններին, ռեգիոնում Սյունիքով անցնող ճանապարհի բացման հարցում լիովի անտեսել Ռուսաստանին ու Իրանին հնարավոր չէ»,- նկատեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Իրեն ֆանտաստիկ գժի տեղ դնողը էս ի՞նչ արեց․ ավագանու անդամ (video) Կտեսնեք, թե ինչպես է չագուչով տուզիկը ժողջանին համոզելու և ահաբեկելու․․․ Տիգրան Ավինյանը հիշեց Հայկ Մարությանին (video) «Լավ դուք ծնող, քույր, կին, դուստր չունե՞ք, չե՞ք ամաչում ձեր լռությունից»․ Ցոլակ Ակոպյան Աղջիկ ջա՛ն, դու քո տեղում չես․ էս ի՞նչ խայտառակություն ես խոսում․․․ (video) Բա չեմ լսում ձեր վայնասունը․ Զոհրաբյան Կտավ` "Դրսում` կատու, ներսում` առյուծ" Փաշինյանը օրը մեջ վազում ա ՌԴ, «Լադիմիր Լադիմիրիչ» ա անում․ «Հանրապետություն» էս ի՞նչ ֆոբիա ունեք (video) Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա, ռուսական կոշտ հակազդեցությանն էլ չի արժանանում․ «ՀայաՔվե» Մակրոնը սրընթաց դառնում է ֆրանսիական «փաշինյան», իսկ այդ երկիրը կարող է հայտնվել համընդհանուր քաոսի մեջ Էս ի՞նչ մակարդակ է, էս ի՞նչ եք խոսում․ Արծվիկ Մինասյան (video) Ֆրանսիայում մզկիթների մոտ խոզի գլուխներ են գտել՝ «Մակրոն» գրությամբ Ռոմանոս Պետրոսյանը ինքնագլու՞խ է ազատում ՀԷՑ-ի մասնաճյուղերի տնօրեններին․ Գեղամ Մանուկյան (video) Ռուսական հարվածի հետևանքով Դոնեցկի մարզում կա առնվազն 20 զոհ. Զելենսկի Ավինյանի դեմքին նայեցի, մտահոգվեցի, մի հատ ճշտեք՝ հա վա՞տ չի․ Մեսրոպ Մանուկյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջին Գռփում, գռփում, գռփում եք․ ավագանու ընդդիմադիր Գրիգոր Իսկանդարյան (video) Պղծությունը Փաշինյանի ֆեյսբուքյան էջից է գալիս․ Սամվել Հակոբյան (video) Հնդկաստանում Նեպալի հետ սահմանին բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել ՔՊ-ական հերթական խաժամուժի հերթական լկտի վարքագիծը, այս անգամ կին պատգամավորի նկատմամբ. Թանդիլյան Սամվել Կարապետյանը սարսափելի վիճակում է, ինչու եք բերաներդ ջուր առել ու լռում. Դիլբարյան (video) Մարգարիտա Սիմոնյանը 3 անգամ մեզ զգուշացրել է… Անժելա Թովմասյան (video) Էս ի՞նչ եք անում, դուք ո՞վ եք,անտեր ու դուրս մուրացակաները երկրի տիրակալ են դարձել.Ռուզան Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am