Իրանում սրընթաց ծավալվում են պարսկական ազգայնական զարթոնքը և հայերի հետ ամուր դաշինք ունենալու գաղափարը
Իրանա-իսրայելական 12 օրյա պատերազմից հետո, Իրանում սկսել են կատարվել մեծ ներքին փոփոխություններ:
Պատերազմում պարտությունը մեծ հարցադրումներ է առաջացրել նաև Իրանի վերնախավի շրջանակներում:
Առաջ է եկել այն կարծիքը, որ Իրանի հզորացման համար, պիտի օգտագործել բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ նաև վերակենդանացնել նախքան իսլամական հեղափոխության ժամանակահատվածը եղած որոշ արժեքներ:
Անցած շաբաթ Իրանի իշխանությունները ձեռնարկեցին մի քայլ, որը կարելի է անսովոր համարել Իսլամական Հանրապետության համար: Թեհրանի կենտրոնական հրապարակում՝ մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ հայտնի Ազադի աշտարակի ստորոտում, հայտարարվեց անվճար բացօթյա համերգի մասին, որին կմասնակցեց դասական պարսկական երաժշտության ամենահայտնի կատարողներից մեկը՝ Հումայուն Շաջարյանը:
Այն փաստը, որ ոչ միայն իշխանությունների կողմից թույլատրվել էր ներկայացումը, այլև դրա ակտիվ գովազդը պետական լրատվամիջոցներում, մշակութային հեղափոխության ազդեցություն ունեցավ, ցույց է տալիս, որ այդ երկրում կատարվում է իսկական մշակութային հեղափոխություն։
Բանն այն է, որ Իրանում տասնամյակներ շարունակ խստորեն արգելված էին հանրային երգեցողությունը և ցանկացած ժանրի երաժշտությունը։ Այս արգելքը մտցվեց Իսլամական Հանրապետության հռչակումից անմիջապես հետո՝ 1979 թվականին, և արդարացվեց «երիտասարդությանը կրոնական կենսակերպից շեղելու» դեմ պայքարով։
Միայն 2014 թվականին՝ Հասան Ռոհանիի բարեփոխումների ժամանակ, իրանական հեռուստատեսությունը առաջին անգամ ցուցադրեց ազգային գործիքների կադրեր։ Մինչ այդ նման բան անհնար էր պատկերացնել։
Արևմտյան և տեղական դիտորդների կարծիքով, Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո Իրանի ղեկավարությունը փորձում է թուլացնել կրոնական գործոնը և սկսել է տեղ տալ նաև իրանական ազգայնականությանը, որը դիմում է մշակույթին, պատմությանը և ազգային միասնությանը:
Իսկ պարսկական ազգայնականության գործոնի ուժեղացման հետ միասին, առաջ է գալիս Իրանի համար նոր դաշնակիցների փնտրտուքի գաղափարը: Հատկապես, երբ իրանցիները հասկացան, որ ԱՄՆ-ի նման հզոր պետության դեմ, առանց լուրջ դաշնակցի, հնարավոր չի լինի դիմակայել:
Սակայն, բացի ռազմավարական բնույթի դաշնակցից, Իրանում սկսել են գիտակցել, որ պիտի ավելի շատ ուշադրություն դարձնել նաև հարևան երկրներին, քանի որ լուրջ վտանգ կա, որ Իրանի թշնամիները կփորձեն իրենք գտնել դաշնակիցներ Իրանի անմիջական շրջապատում:
Այդ համատեքստում, ամենահավանական և բնական դաշնակից է համարվում Հայաստանը:
Իսկ դրա համար, նշում են իրանցի դիտորդները, պիտի գտնել նաև հայերի հետ մշակութային ընդհանրություններ:
Հենց այդ խնդիրն էլ փորձում են լուծել Իրանում նաև մշակութային ոլորտում:
Եվ այդ առումով, սեպտեմբերի 6-ին «Հեյ, Իրան» ստեղծագործության համատեղ կատարումը Հայաստանի ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ
նվագախմբի և Իրանի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Պերսեպոլիս-Շիրազում, կարելի է գրեթե սենսացիոն համարել:
Սա յուրօրինակ մեսիջ է, որ հայերի և պարսիկների ազգային արմատներում կան շատ ընդհանրություններ, որոնք պիտի սկսել օգտագործել, ամրապնդելով հայ-իրանական դարերով հաստատված կապերը:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Հ.Գ.
«Հեյ Իրան» ստեղծագործությունը իրանական հայտնի հայրենասիրական երգ է, որը ծառայել է որպես երկրի ոչ պաշտոնական օրհներգ։ Երգի խոսքերը գրվել են 1946 թվականին Հոսսեն Գոլ-Ղոլաբի կողմից, իսկ երաժշտությունը՝ Ռուհոլլա Խալեկիի կողմից։ «Հեյ , Իրան» ստեղծագործությունը նվիրված չէ որևէ կոնկրետ քաղաքական ռեժիմի։ Երգի լեզուն բնութագրվում է իր մաքրությամբ. այն գործնականում զուրկ է արաբերեն փոխառություններից՝ պարունակելով բացառապես պարսկական մշակույթի տարրեր:
Աղբյուրը՝ Zham.am