Արցախը նվիրելուց հետո Աստվածաշունչն ի՞նչ է, որ չնվիրի

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Աստվածաշունչը, որն ինձ ուղեկցել է թե՛ ընդհատակում, թե՛ բանտում գտնվելիս, նվիրում եմ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին»։
Եթե հավատանք նրա խոսքին, որ Աստվածաշունչը իր ամենաթանկ սրբությունն է, այն գիրքը, որ նրան ուժ է տվել կյանքի ամենադժվար պահերին, ապա մնում է հարցնել․ ինչպե՞ս կարող է մարդ այդպիսի թանկագին ուղեկցից հրաժարվել այդքան հեշտությամբ։
Բայց երբ հայացք ենք գցում վերջին ութ տարիների նրա «նվերներին», որոնք առատորեն բաժանվել են օտար տերություններին, ակամա հասկանում ենք․ Արցախի և հայրենիքի տարածքների նվիրաբերման կողքին Աստվածաշունչը թանգարանին հանձնելը փոքրիկ դրվագ է միայն։
Ու երբ օգտատերերը մեկնաբանում են․ «Հայաստա՞նը ում ես նվիրելու», «Աստվածաշունչը քո ուղեկիցն է, այն չի կարելի օտարել», «Նվիրիր ուրիշ օրինակ, ոչ թե այն մեկը, որ քեզ ուժ է տվել», «Աստվածաշունչը կարդալու համար է, ոչ թե ցուցասրահի համար», «Մի՛ օտարիր այն, ինչը եղել է քեզ հետ ամենածանր օրերին»...
Երբ հարյուրավոր ծանր արձագանքներին հետևում ես, մտածում ես մի պարզ բան․ Փաշինյանը երբեք որևէ թանկ բան նվիրելիս ցավ կամ ափսոսանք չի զգում։
Արցախը նվիրելուց հետո Աստվածաշունչն ի՞նչ է, որ չնվիրի...
Եվ իսկապես՝ հավատալ, թե նրա բաժանած «նվերները» թանկ են եղել իր սրտին, ու նա ցավով է հեռացել դրանցից, ուղղակի ինքնախաբեություն է։